20/05/2024 10:23
Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ Դեսպանի հարցազրույցը
Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ այդ համագործակցությունը ոչ միայն պաշտպանական-տեխնիկական է, այլև կողմերը դիտարկում են կարողությունների զարգացումը:
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան՝ խոսելով վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունների բարձր մակարդակի, երկու երկրների միջև ակտիվացող պաշտպանական և ռազմական համագործակցության, Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակի և տարածաշրջանում ենթակառուցվածքների հնարավոր ապաշրջափակման, հայ և հնդիկ ժողովուրդների մշտական մտերմության և այլ հարցերի շուրջ։
-Տիկին դեսպան, վերջին շրջանում Հայաստանի ու Հնդկաստանի հարաբերություններում բավական ակտիվություն է նկատվում։ Նախորդ տարի Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելեց Հնդկաստան, այնուհետև տեղի ունեցավ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցելությունը։ Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի ու Հնդկաստանի հարաբերությունները քաղաքական մակարդակում և ի՞նչ կարևոր շեշտադրումներ կառանձնացնեք։
-Նախ և առաջ, Նամաստե, բարև Ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն տվեցիք գալ և զրուցել ձեզ հետ ու խոսել Հնդկաստանի ու Հայաստանի հարաբերությունների մասին: Դուք շատ ճիշտ եք՝ ասելով, որ մեր քաղաքական հարաբերությունները շատ ջերմ են․ դրանք պատմականորեն միշտ այդպիսին են եղել: Բայց ոչ վաղ անցյալում, և վստահաբար կարող եմ ասել՝ 2021 թվականին մեր արտաքին գործերի նախարար՝ դոկտոր Ջայշանկարի (խմբ․ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկար) այցից հետո մենք կարող ենք տեսնել նորացված եռանդ․ մեր քաղաքական շփումներում մեծ դինամիկա կա: Ինչպես նշեցիք, արտգործնախարար պարոն Միրզոյանի կողմից այցեր ենք ունեցել Հնդկաստան՝ 2022 թվականին, հետո՝ 2023 թվականին: Եվ, եթե նայենք, 2023 թվականին գործնականում ամեն ամիս փոխադարձ այցեր ենք ունեցել։ Տարբեր նախարարներ այցելեցին Հնդկաստան, Դուք նաև նշեցիք ձեր անվտանգության խորհրդի քարտուղարի այցը։ Հարաբերությունները վերընթաց հետագծի վրա են։ Դրանք ջերմ են, և շատ հաճախակի շփումներ են լինում։
-Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում զարգացնելու պաշտպանական կապերը Հնդկաստանի հետ։ Գիտենք, որ դեռ 2022 թվականին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով Հնդկաստանում էր։ Վերջերս նաև տեղեկություններ եղան, որ Հնդկաստանը ռազմավարական կարևորության արտահանումների համար դեպի Հայաստան օդային միջանցք է ստեղծում։ Ասացեք խնդրեմ, ռազմական ոլորտում համագործակցության ի՞նչ հեռանկարներ եք տեսնում։
-Այո, իսկապես, մեր պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում։ Պաշտպանական համագործակցությունը ոչ միայն պաշտպանական-տեխնիկական է, այլև մենք դիտարկում ենք կարողությունների զարգացումը: Լինի դա ռազմատեխնիկական համագործակցություն, թե ուսուցման և կարողությունների զարգացում, այդ երկու ճակատներն էլ շատ լավ են ընթանում: Դուք միանշանակ ճիշտ եք. 2022 թվականին պաշտպանության նախարար պարոն Պապիկյանն այցելել էր Հնդկաստան, և դրանից հետո մենք տեսնում ենք, որ շատ բան է տեղի ունեցել պաշտպանության ոլորտում։ Մենք դեռևս աշխատում ենք, որպեսզի հետագայում այն ավելի ընդլայնվի: Ինչ վերաբերում է օդային միջանցքին, ապա կարծում եմ, որ այդ հաղորդումները ճիշտ չէին։ Մենք իսկապես դիտարկում ենք, թե ինչպես կարելի է տեխնիկան հասցնել այստեղ՝ Հայաստան։ Սակայն, ինչ վերաբերում է այս օդային միջանցքին, ապա դա ուղղակի, կարծում եմ՝ ապատեղեկատվություն էր։ Ուստի ես կցանկանայի պարզաբանել այդ գրառումը: Կարծում եմ, որ մեր ռազմական համագործակցության հեռանկարներն իսկապես շատ լավն են, և մենք աշխատում ենք դրանք էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։