20/05/2024 15:43
Ռուբեն Ռուբինյանը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում
Հայաստանի ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին. այս մասին հայտնում են ԱԺ-ից։
Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Գերմանիա հարաբերությունները կայուն զարգանում են, եւ դրան նպաստում են վերջին շրջանում ակտիվ փոխայցերը թե՛ օրենսդիրի եւ թե՛ գործադիրի մակարդակով:
ԱԺ փոխնախագահը ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, խոսել վերջին զարգացումների մասին:
Սարգիս Խանդանյանը, խոսելով Հարավային Կովկասում հարատեւ խաղաղության հասնելու Հայաստանի քայլերի մասին, գործընկերներին է ներկայացրել ՀՀ կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Գերմանացի հյուրերը ողջունել են նախաձեռնությունը՝ համոզմունք հայտնելով, որ այն թույլ կտա խաղաղ համակեցություն հաստատել տարածաշրջանում:
Հայ խորհրդարանականները ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը, այս հարցում կարեւորել միջազգային գործընկերների աջակցությունը: