21/05/2024 13:33
Պատերազմներն իրենք են բերել՝ իրենց ապաշնորհ լինելու պատճառով. Սրբազանը հանդիպում է արցախցիների հետ
Բագրատ Սրբազանն Արցախի կառավարության անդամների, պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իր համար մի փոքր դժվար է խոսելը.«Բացի ռացիոնալ մտքից, բանական մտքից, նաև չափազանց զգացմունքային եմ։ Գալուց առաջ մտածում էի, որ երանի այս հանդիպումների շարքը Երևանում տեղի չունենար, այլ տեղի ունենար Ստեփանակերտում, Գանձասարում, Հադրութում։ Արձանագրված իրավիճակ կա, այնուամենայնիվ»։
Սրբազանը խոսեց շարժման տրամաբանության, գաղափարների մասին։
«Այս շարժումը սկսել է սահմանազատման ապօրինի գործընթացի պատճառով։ Շատ հաճախ մեզ փորձում են տեղափոխել տեղական նշանակության դաշտ, այդուհանդերձ, այն բացարձակ տեղական նշանակություն չունի, իրականում այն մեր երկրի ու ժողովրդի ճակատագրի հարցն է։ Կարևոր չէ՝ այն Ջրմուկում, Տավուշում, թե մեկ այլ վայրում է տեղի ունեցել։ Այն ամբողջությամբ հակասահմանադրական է։
Օրակարգը, մեր գնատմամբ, կեղծ է, խաղաղության հասնելու կեղծ ներկայացում է, թե այն, իբր, հակադրվում է պատերազմին։ Մեր այս շարժման բուն նպատակն իրական խաղաղություն ունենալն է՝ ֆիզիկական և մտքի։ Պատերազմներն իրենք են բերել՝ իրենց ապաշնորհ լինելու պատճառով և շարունակաբար բերում են։ Ստի գործընթացը սկսվել է 2018 թվականից, գիտենք, թե ով է սուտն արտաբերողը»,-նշեց Սրբազանը։