21/05/2024 11:55
ՀԱԿ-ը նոր չէ, որ Ռոբերտ Քոչարյանի հետ քաղաքական կոալիցիա կազմելու մտքեր ունի. Վահագն Ալեքսանյան (Տեսանյութ)
Տրամաբանական է, որ թե՛ քաղաքական թիմը, թե՛ խմբակցությունը մշտապես քննարկում են արտաքին ու ներքին քաղաքական իրավիճակները, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Չգիտեմ՝ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հերթական պայքարը սրբազան կոչելը որքանով է օգնում այդ պայքարին, բայց եթե անձամբ իմ տեսակետն եք հարցնում, ես խորհուրդ կտամ այդ պայքարը սրբազան չանվանել, դա կոմիկ դաշտ է այս ամենը տեղափոխում»,-ասաց Ալեքսանյանը։
Հարցին՝ փաստեր ունե՞ք, որ այդ ամենը ղեկավարվում է Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ պատգամավորը պատասխանեց.«Եթե Ռոբերտ Քոչարյանի ամբողջ խմբակցության՝ ձեր նշած անձի (Բագրատ Սրբազանի-.խմբ) կողքին կանգնած լինելը բավարար փաստ չի, ես էլ չգիտեմ, թե որն է բավարար փաստ»։
Անդրադառնալով Բագրատ Սրբազանի և արտախորհրդարանական ուժերի, կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպմանը՝ Ալեքսանյանը նշեց, որ նրանք քաղաքական կշիռ չունեցող կուսակցություններ են.«ՀԱԿ-ը, կարծեմ, չի միացել։ Բացի այդ էլ՝ ՀԱԿ-ը նոր չէ, որ Ռոբերտ Քոչարյանի հետ քաղաքական կոալիցիա կազմելու մտքեր ունի, Լևոն Տեր-Պետրոսյանը այդ մասին հանրային կերպով հայտարարել է։ Այստեղ էլ նորություն չկա»։