21/05/2024 14:10
Թող ԱԺ անվտանգության աշխատողները դուրս գան, տեղը ծառեր տնկենք, անվտանգ կլինի. Գառնիկ Դանիելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Կիրանցից հասել է ԱԺ։ Ասաց, որ մտադիր չի եղել մասնակցել այսօրվա նիստին, սակայն կիրանցեցիներն են նրան խնդրել գնալ ու խոսել իրենց անունից։
«Ինձ մոտ կան առնվազն 50 ու ավելի վկայականներ, 50 ու ավելի մարդկանց ճակատագրեր։ Այդ մարդիկ տները, հողերը ժառանգել են իրենց պապերից, իրենց պապենական, հորական օջախներն են եղել, եկել ու ասում եք՝ դա քոնը չի՝ Ադրբեջան է։ Ասում եք՝ դպրոցը, եկեղեցին, մերը չի՝ ադրբեջանական է, սրա հետ պետք է հաշտ լինեք, պետք է խոնարհվեք ադրբեջանցիների առաջ»,- ասաց Դանիելյանը։
Նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ «եթե ադրբեջանական կողմի համար տարածքը տեսանելի է, կարող են, օրինակ, ծառերով քողարկել»։
«Այստեղ անվտանգության աշխատողներ կան, թող դուրս գան, այստեղ ծառեր տնկենք, սաղ տեղերը ծառեր տնկենք, նորմալ է, անվտանգ կլինի։ Լավ, աբսուրդին էլ չափ ու սահման կա, չի կարելի սեփական ժողովրդին ծաղրանքի ենթարկել»,- ասաց Դանիելյանը։