21/05/2024 13:36
Մասիսի 4-րդ մանկապարտեզում ապաստան գտած բռնի տեղահանվածներից պահանջում են լքել կացարանը. «Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ
«Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ-ն վերջերս այց է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար Մասիս քաղաքում գործող կացարաներից մեկը։ Այցի արդյունքում արձանագրվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման խնդիրներ։
ՀԿ-ի հայտարարությունը․ «2023 թ․-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք մինչ օրս բախվում են արժանապատիվ կացարանով ապահովված լինելու խնդրին։
Կացարանի իրավունքը սերտորեն կապված է մարդու արժանապատավության, նրա հիմնարար իրավունքների և ազատությունների հետ։
Իրենց տները ստիպված լքած անձինք Հայաստանում հայտնվել են ծայրահեղ ծանր և արժանապատվության հետ անհամատեղելի պայմաններում։ Ոմանք գտել են ժամանակավոր բնակարան, սակայն առավել խոցելի խմբերը մինչ այժմ բնակվում են պետական և ոչ պետական միջոցների հաշվին գործող կացարաններում։
Բռնի տեղահանված անձինք այսօր ստիպված են լինելու լքել այդ կացարանները՝ չունենալով ապրուստի միջոց և ապրելու տեղ։
Այսպես, Արարարատ մարզի Մասիս քաղաքի 4-րդ մանկապարտեզում ապաստան գտած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից պահանջում են լքել կացարանը, քանի որ այն պետք է հիմնովին քանդվի և հետագայում շահագործվի որպես մանկապարտեզ։
2023 թ․ սեպտեմբերից մանկապարտեզը ծառայել է որպես ժամանակավոր կացարան բռնի տեղահանված անձանց համար, չնայած որ շենքը եղել է վթարային։
Մանկապարտեզում բնակվում է 29 անձ (15 ընտանիք), որոնցից 1-ն ունի հաշմանդամություն, 7-ը միայնակ են, 7-ը՝ տարեց և 4-ը՝ երեխա:
Պետությունը պարտավորություն ունի երաշխավորելու բռնի տեղահանված անձանց իրավունքները՝ ապրելու արժանապատիվ պայմաններում, օգտվելու կացարանից, որը կբավարարի անձի հիմնական և հատուկ կարիքները։
Առաջնահերթ պետք է հաշվի առնել բռնի տեղահանված անձանց հատուկ կարիքները, հատկապես կանանց և երեխանների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, ովքեր խոցելիության պատճառով բախվում են լրացուցիչ դժվարությունների և խոչընդոտների՝ ապահովելու իրենց կենսական պայմանները։
Նվազագույն կենսական պայմանների բացակայությունը կարող է խաթարել անձի ֆիզիկական և հոգեկան առողջությունը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կացության իրավունքը համարել է անձի ամենահիմնական կարիքը, ինչից զրկելը կարող է հանգեցնել մարդու արժանապատվության հետ անհամատեղելի վատթարացման վիճակի:
Հետևաբար, պահանջում ենք ՀՀ կառավարությունից ապահովել Արարարատ մարզի Մասիս քաղաքի 4-րդ մանկապարտեզում ժամանակավոր բնակություն հաստատած բռնի տեղահանված անձանց անվտանգ և նրանց կարիքներին համապատասխան կացարանով։