21/05/2024 22:35
Հեղափոխության ժամանակ Սփյուռքում 80 տոկոսը Փաշինյանի համակիրն էր, բայց այսօր դեմ են, պահանջում են նրա հրաժարականը․ Մուրադ Փափազյան
2018-ի հեղափոխության ժամանակ Սփյուռքում 80-85 տոկոսը Փաշինյանին համակիր էր, բայց այսօր վիճակն այլ է։ Կան Փաշինյանին որոշ սատարողներ, բայց Սփյուռքի կարևոր հատվածը Փաշինյանի դեմ է, պահանջում է նրա հրաժարականը, 168․TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը։
«Փաշինյանը կորցրել է իր հեղինակությունը, իր ժողովրդականությունը Սփյուռքում: Բայց շատ ավելի կարևոր է, որ Հայաստանի ժողովուրդը հասկանա, որ այդ հրաժարականը կարևոր է Հայաստանի անվտանգության համար»,- ասել է Մուրադ Փափազյանը՝ ընդգծելով՝ չպետք է թույլ տալ, որ կրկնվի այն, ինչ եղավ Արցախում։
«Հայաստանի ժողովուրդը պետք է հասկանա, որ վտանգի առջև է կանգնած, որ Հայաստանում կարող է լինել այն, ինչ եղավ Արցախում։ Հայաստանի ժողովուրդը պետք է իր քայլն անի՝ փոփոխությունների համար:
Ալիևի համար Հայաստանն Արևմտյան Ադրբեջանն է, և վաղը պահանջ է դնելուՍյունիքը և այլ տարածքներ հանձնելու մասին, ուրեմն Փաշինյանը պետք է հանձնվի՞, պետք է զիջի՞՝ տրվելով Ալիևի այդ շանտաժին՝ կամ հանձնում ես տարածքները, կամ՝ պատերազմ:
Պետք է միասնական մերժել զիջողական քաղաքականությունը, որը վերջ չունի, Հայաստանի ժողովրդի իրավունքները պետք է հարգվեն, Հայաստանի ժողովուրդն այսօր լուրջ վտանգի տակ է»,- ասել է նա։
Մուրադ Փափազյանի խոսքով՝ հայ ժողովուրդն արժանի է այլ իշխանությունների, որ նաև Սփյուռքի հետ միասին ուժ ներկայացնեն Հայաստանի համար․ «Այնինչ այսօր ճիշտ հակառակն է տեղի ունենում»: