21/05/2024 17:05
Որքան շուտ կանգ առնե՛ք ու հեռանա՛ք՝ այնքան լավ և՛ մեր երկրի, և՛ ժողովրդի, և՛, ի դեպ, ձեր համար. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ին
Ադրբեջանի քաղաքականությունը, այսպես կոչված, սահմանային ճշգրտումների շուրջ, իր մեջ բավականին վտանգավոր նպատակներ են պարունակում: Ճիշտ է՝ հայաստանյան իշխանությունը պնդում և փորձում է հասարակության մոտ տպավորություն ստեղծել, թե իրենք խաղաղություն և անվտանգություն են բերելու, բայց իրականում այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր սահմաններում, այս պահին՝ Տավուշի հատվածում, քաղաքական և անվտանգային դետոնացիայի է հանգեցնելու, այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ իշխանության խոստումները խաղաղություն բերելու առումով, մեր հասարակության համար, վաղուց վերածվել են բլեֆի հենց միայն այն պատճառով, որ բոլորի աչքի առաջ է այս իշխանության գործունեությունը, որը մարդկանց բացառապես ցավ, տառապանք, անորոշություն և կորուստներ է բերել:
«Ի դեպ, պատահական չէ, որ Ադրբեջանի թելադրանքով, այսպես կոչված, սահմանային ճշգրտումները հենց Տավուշի վերոնշյալ հատվածներից են սկսվել: Ադրբեջանը փորձում է օգտվել հայաստանյան իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել բոլոր այն հատվածներում, որոնք նրան մարտավարական և ռազմավարական առավելություն կապահովեն, իսկ Հայաստանին՝ քաղաքական հպատակություն: Ընդ որում՝ այն, ինչ այսօր արվում է, այսպես կոչված, դելիմիտացիա/դեմարկացիայի անվան տակ, 2020-23 թվականներին, Ադրբեջանն արեց ուժի կիրառման միջոցով»,- նշեց նա։
Աբրահամյանի խոսքով՝ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի ուղղությամբ ադրբեջանական մխրճումներն ավարտելուց հետո թիրախ է ընտրվել Տավուշը, հետագայում անցում է կատարվելու Նախիջևանի ուղղությանը:
«Նպատակը Հայաստանի շուրջ օղակը սեղմելն է, որի պարագայում Ադրբեջանը կստանա քաղաքական երաշխիք, որ այսուհետև Հայաստանի ցանկացած իշխանություն, ցանկացած հարցի բանակցման ժամանակ, այլ ելք չի ունենա, քան կատարելու
ադրբեջանական կամքը: Իրադրության լրջությունն առաջին հերթին նրանում է, որ իշխանությունը ոչ միայն միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով խաղաղություն չի բերելու, այլ իրենից հետո հավերժ կռացածի կարգավիճակ է ապահովելու հաջորդ բոլոր կառավարությունների համար:
Այս ամբիոնից այսօր իշխանությունը պնդում հնչեցրեց, թե՝ մենք գիտենք, թե ինչպես Հայաստանի անվտանգությունը պաշտպանենք: Ո՛չ, չգիտե՛ք, ինքնախաբեությամբ մի՛ զբաղվեք, առավել ևս՝ մարդկանց մի՛ մոլորեցրեք:
Կամ ասում եք՝ մենք շատ լավ գիտենք, թե ինչ ենք անում: Սա էլ հիշեցնում է ձեր քաղաքական առաջնորդի հայտնի խոսքը Արցախի հարցով բանակցությունների վերաբերյալ, երբ ասում էր՝ ինչ-որ պետք է՝ էն էլ բանակցում ենք:
Թե ինչ եղավ հետո և ինչ դաժան իրականության հետ առերեսվեց մեր ժողովուրդը, բոլորը գիտեն, այնպես որ՝ մեր քաղաքացիներին երկրորդ անգամ դժոխքի միջով չանցկացնե՛ք: Որքան շուտ կանգ առնե՛ք, հեռանա՛ք ու առերեսվեք իրականության հետ՝ այնքան լավ և՛ մեր երկրի, և՛ ժողովրդի, և՛, ի դեպ, ձեր համար»,- հավելեց Աբրահամյանը։