21/05/2024 20:31
«Եկեղեցին հարկերը վճարում է»․ Բագրատ Սրբազանը, ի գիտություն ԱԺ խոսնակի, պատմական անդրադարձ կատարեց՝ ներկայացնելով նաև պետության պարտավորությունները
Պայքարին միացած քաղաքացիների խնդրանքով Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում անդրադարձավ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարություններին։
«Իբր ԱԺ խոսնակը, որն իրեն նախագահ է հռչակել, ով միայն ԱԺ ներսում է հոխորտում, ԱԺ-ից դուրս թիկնապահներով բռնում է մարդկանց, որ ինքը վրաները թքի ու նաև դրա համար ներողություն է խնդրում իր աջակիցներից ու ենթադրյալ հետևորդներից, նաև դրա համար ոչ մի պատասխանատվության չի ենթարկվում, այսօր հարկ է համարել ասելու, որ եկեղեցին պիտի հարկվի։ Եկեղեցին հարկելու մասին է խոսել։
Ուրեմն՝ եկեղեցին բոլոր հարկերը վճարում է՝ բացի ծիսական պարագաների հետ կապված հարկերից, որոնք օրենքով են սահմանված։
Ժամանակին, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո եկեղեցի-պետություն հարաբերությունների կարգավորման խնդիրներն առաջացան, եկեղեցին, Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, այն բոլոր ռեպրեսիաների դիմաց, որոնք կրել էր սովետական ժամանակաշրջանում, իրավունք ուներ պետությունից ստանալու այն բոլոր կորուստները, որոնք կրել էր՝ գույքի տեսքով, նյութական այլ արժեքների տեսքով և ընդհանրապես՝ իրավունքների տեսքով։
Հետխորհրդային երկրներում, նույնիսկ նաախկին սոցիալիստական երկրներում, մինչև այսօր պետությունը եկեղեցուն վճարում է մեծ գումարներ՝ ի հատուցումն խորհրդային ժամանակ կրած բոլոր զրկանքների։ Միակ եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցին է, որը ոչ մի լումա չի ստացել՝ իր իսկ ցանկությամբ, որպեսզի պետությանը որևէ կերպով վնաս չհասցնի՝ հանձն առնելով իր առաքելությունը, գործունեությունը իրականացնել և կարիքները հոգալ՝ սեփական ջանքերով, առանց փորձելու բեռ լինել պետության վրա։
Հիմա փետուրով մարդիկ վեր են կացել և ասում են՝ պիտի հարկենք։
Հատուցման պահանջ պետք է դրվի այդ մարդկանց առջև։ 19-րդ դարի եկեղեցիներ ունենք այսօր, որոնք այս կամ այն ճանապարհով բռնագրավված են, ավերակների են վերածված։ Եվ Հայ եկեղեցու «գույքը»՝ հոգևոր-մշակութային արժեքները, եկեղեցիները պետք է վերադարձվեն եկեղեցուն՝ այն տեսքով, ինչ տեսքով բռնաագրավվել են։
«Մոսկվա» կինոթատրոնի տեղում Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին է եղել, որը Սովետական միության ժամանակ գետնին են հավասարեցրել, Կաթողիկե եկեղեցու կեսից ավելին չկա, և այս աամենի դիմաց ոչ մի անգամ պետությունը հատուցում չի արել։ Այն բոլոր եկղեցիները, որոնք գյուղական միջավայրերում եղել են, այսօր ավերակված են, դրանք տարբեր նպատակների են ծառայեցրել, և ԽՍՀՄ փլուզումից հետո այդ ամենի հատուցումը տեղի չի ունեցել։ Եվ երբ մեզ իբր թե վախեցնում են հարկային դաշտով, իրենք պետք է մտածեն այդ բոլորը վերադարձնելու մասին՝ իրենց նախնական տեսքով՝ վերակառուցած, ծառայության պատրաստ։ Չէ՞ որ համարում են, որ 3-րդ հանրապետությունը 2-րդ հանրապետության ժառանգության շարունակողն է։ Ուրեմն նաև՝ պատասխանատվության կրողն է ու նրա մեղքերն ու հանցանքները ստնձնողը, որոնք հատուցման են ենթակա»։