21/05/2024 21:44
Կայացավ «Կամերտոն Սոլիստ» կատարողական արվեստի 4-րդ միջազգային մրցույթի Գալա համերգը
Մայիսի 20-ին «Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի» Առնո Բաբաջանյանի անվան դահլիճում տեղի ունեցավ «ԿԱՄԵՐՏՈՆ ՍՈԼԻՍՏ» կատարողական արվեստի 4-րդ միջազգային մրցույթի Գալա համերգը: Սա «Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպության ավանդական դարձած նախաձեռնություններից է, որի նպատակն է պատանի տաղանդավոր կատարողների բացահայտումը, ինչպես նաև այլ երկրների հետ Հայաստանի մշակութային համագործակցության սերտացումը:
Այս տարի հայտ են ներկայացրել 160-ից ավել մասնակիցներ 5 երկրներից Հայաստան. Ռուսաստան, Գերմանիա, Իսպանիա, ԱՄՆ։ Դաշնամուր, Լարային գործիքների, Փողային և հարվածային գործիքների անվանակարգերում լավագույնս դրսևորվեցին թե՛ Երևանի, թե՛ մարզերի և թե՛ օտարերկրյա մասնակիցները՝ գրավելով 13 Մեծ և 27 առաջին մրցանակներ: Հաղթողների քանակն առաջացրեց 2 համերգների անհրաժեշտություն՝ Գալա համերգ Մեծ մրցանակակիրների մասնակցությամբ և Սոլիստների համերգ՝ առաջին մրցանակակիրների, որը տեղի կունենա մայիսի 24-ին Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի Մեծ դահլիճում։
Մրցույթի ժյուրիի կազմում էին բարձրակարգ մասնագետներ, մեր ժամանակի հայտնի կատարողներ, ՀՀ վաստակավոր մանկավարժներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ, թե՛ ՀՀ և թե՛ եվրոպական կոնսերվատորիաների պրոֆեսորներ, ՀՀ վաստակավոր մանկավարժներ:
Գալա համերգն անցավ էմոցիոնալ հրավառությամբ՝ պարգևելով հաղթող մասնակիցներին և ներկաներին անմոռանալի զգացողություններ։
«Կամերտոն» արվեստագետների հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2002 թ. և հայ երաժշտական մշակույթում շուրջ 4 տարի ակտիվ գործունեություն է ծավալել: Այն իր ժամանակին հանդես է եկել այնպիսի քայլերով, ինչպիսին էին, օրինակ, հայ մշակութային իրականությունում այդ օրերին առաջին՝ պատանիների կամերային նվագախմբի հիմնումն ու նրա կանոնավոր համերգային գործունեությունը։ Պատանի երաժիշտները՝ մենանվագ կատարումներով, և «Կամերտոնի» կատարողական խմբերը, այդ թվում՝ կամերային նվագախումբը, մասնակցել են բազում մշակութային նախագծերի, միջոցառումների: Լինելով մտավորականների յուրատեսակ կենտրոն՝ «Կամերտոն»-ը մշտապես իր սկզբունքային, մասնագիտական վերաբերմունքն է ունեցել հայ երաժշտական մշակույթի զարգացման խնդիրների վերաբերյալ։
2019 թվականից ջութակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն, «Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ ՀՀ վաստակավոր մանկավարժ, ՀՀ Կրթության և Գիտության նախարարության ոսկե մեդալակիր Արմեն Հարությունյանի նախաձեռնությամբ, երկարատև դադարից հետո վերակազմավորվեց «Կամերտոն»-ը` իբրև մշակութային հասարակական կազմակերպություն:
Այդ տարեթվից մինչ այսօր անցկացվել է «Կամերտոն» Սոլիստ միջազգային թվով 4 մրցույթ։ Մասնակցել են 500-ից ավելի մասնակիցներ՝ տարբեր երկրներից Ռուսաստան, Վրաստան, Գերմանիա, Իսպանիա, ԱՄՆ, Իրան, Լատվիա, Թուրքիա և այլ... Բազմաթիվ մրցանակներից բացի հաղթողները հնարավորություն են ունեցել Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի լարային նվագախմբի հետ՝ դիրիժոր և ջութակահար Արամ Հարությունյանի ղեկավարությամբ, որպես մենակատար ելույթներ ունենալ Հայաստանի լավագույն համերգասրահներում։