21/05/2024 12:29
Բագրատ Սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ. ԱԺ նախագահ
Բագրատ Սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Լրագրողի հարցին՝ եթե հրապարակը ճնշի՝ ի՞նչ եք անելու՝ Սիմոնյանն արձագանքեց. «Այսինքն, որ հրապարակը ճնշի, պետք է քանդե՞նք Սահմանադրությունը»։
Երբ լրագրողները թվարկեցին ՔՊ-ի հակասահմանադրական քայլերը, մասնավորապես, դատարանները շրջափակելը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Դա ձեր անձնական գնահատականն է, այսինքն ՝ եթե ժողովուրդը հավաքվում է պետական հիմնարկի մեջ, դատարանի մոտ, նշանակում է սահմանադրական կարգի տապալո՞ւմ»։
Ալեն Սիմոնյանը վստահ է՝ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման Բագրատ Սրբազանի հետ։
«Ժողովուրդ, ոչ մի ինտրիգ, ոչ մի արտառոց բան իշխանության կյանքում չի կատարվում, մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանում քաղաքական գործընթացներ են, դրանք եղել են միշտ ու լինելու են»,- նշեց նա։