21/05/2024 12:36
«Ամենաընդունելին է, բայց վերջնական չէ». Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ սահմանազատումը կշարունակվի 1976 թվականի քարտեզներով
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների ամբողջ սահմանազատումը կշարունակվի 1976 թվականի քարտեզներով։
«Ես դա չեմ բացառում, որովհետև իրավական առումով դա ամենահարմար տարբերակներից մեկն է, եթե ոչ ամենահարմարը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանի խոսքով՝ 1976 թվականի քարտեզն ամենալավ տարբերակն է։
«Չեմ բացառում, որ մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ տարբերակ ընտրվի, խոսքը գնում է մասշտաբների մասին, երբ մասշտաբը փոխվում է, քարտեզը կարող է փոխվել։ Այս պահին այդ տարբերակն ամենաընդունելին է, բայց վերջնական չէ»,- նշեց ԱԺ նախագահը։
Հիշեցնենք՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումը տեղի է ունեցել 1976 թվականի քարտեզներով, որոնք հերթապահության գործընթաց են անցել 1979 թվականին։
«Հանձնաժողովները, 2024թ. ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թվականին, համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն»,- հաղորդել էին ՀՀ ԱԳՆ-ից։