21/05/2024 17:17
Ազատություն ենք մաղթում մեր ընկերներին, ովքեր այսօր քաղաքական պատճառներով բանտարկված են․ Նարեկ Սամսոնյան և Վազգեն Սաղաթելյան (Տեսանյութ)
Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին ծափերով և «Ազատություն» վանկարկումներով դիմավորեցին դատարանի բակում։
Հայտնի «Իմնեմնիմի»-ի գործի և դատարանի որոշման առնչությամբ Վազգեն Սաղաթելյանը նշեց․ «Դատարանին էլ հուսամ՝ հասկանալի էր, որ մեզ համար երբեք ինքնանպատալ չի եղել ինչ-որ մեկին հայհոյելը ։ Դա երբեք ինքնանպատակ չի եղել, այլ եղել է քննադատության մաս։ Հիմա դատարանը պետք է այս ընթացում քննի, որ հասկանա՝ արդյոք այդտեղ կա՞ հանցակազմ։ Մեր պնդումը շարունակում է մնալ այն, որ այդտեղ չկա հանցակազմ»։
Վազգեն Սաղաթելյանը շեշտեց նաև՝ վստահ է՝ վերականգնվելու է իրենց խոսքի ազատությունը, իրենք էլ, ինչպես նախկինում, շարունակելու են պայքարել մյուս քաղբանտարկյալների իրավունքների համար։
Տղաները նաև շնորհակալություն հայտնեցին այս ընթացքում իրենց աջակցած բոլոր անձանց։
«Մենք մեր թիկունքում, «Արմավիր ՔԿՀ-ում», զգացել ենք բոլորիդ ներկայությունը։ Շատ շնորհակալություն ձեզ դրա համար։ Դա ոգի է փոխանցում ու շատ կարևոր է ցանկացածի համար»,- ասաց Նարեկ Սամսոնյանը։
Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը ազատություն մաղթեցին նաև մյուս քաղբանտարկյալներին։
«Ուզում ենք ազատություն մաղթել մեր մյուս ընկերներին, ովքեր այսօր քաղաքական պատճառներով բանտարկված են՝ Արմեն Աշոտյան, Նարեկ Մալյան, Մամիկոն Ասլանյան, մնացած մարդիկ, որոնք նոր են ձերբկալվել, բայց մենք չգիտենք իրենց մասին։ Բոլորին ազատություն, որովհետև քաղաքական հետապնդյալի կարգավիճակում լինելը անարդարության զգացողություններ է առաջացնում մարդու մոտ։ Մենք երկու ամիս փակված ենք եղել բացառապես մի մարդու քաղաքական կամքի պատճառով։ Սահմանափակել են երկու ամիս մեր քաղաքական խոսքը, որի իրավունքը չեն ունեցել, բայց այսօր դատարանը կայացրեց արդարացի որոշում, և ուզում եմ հույս ունենալ, որ նմանատիպ դատարաններ Հայաստանում շատ են լինելու»,- ասաց Սամսոնյանը՝ հավելելով՝ իրենց գործին, ի վերջո, տրվելու է քրեաիրավական գնահատական․
«Իմ խորին համոզմամբ՝ արդարացման դատավճռով է լինելու»։