22/05/2024 17:48
Դեմ ենք մեթոդներին, որոնցով այսօր իրականացվում է «սահմանազատման» և «սահմանագծման» գործընթացը․ Սերժ Սարգսյան
«Մենք սահմանազատմանը և սահմանագծմանը դեմ չենք, մենք դեմ ենք այն մեթոդներին, որոնցով այսօր այդ գործընթացն իրականացվում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Մենք կողմ ենք, որ սահմանազատումն ու սահմանագծումը տեղի ունենան միջազգային պրակտիկային համահունչ»,- հավելեց նա։
Դիտարկմանը՝ Փաշինյանը, այդ ամենի փոխարեն, Ալիևի հետ տետ-ա-տետ է բանակցում, ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց․ «Դրա համար էլ այս վիճակում ենք»։
Ի՞նչ անել, որ միջազգային խաղացողները վերահսկողական ֆունկցիա ունենան։
«Պիտի իշխանափոխություն անենք, ուրիշ որևէ կերպ հնարավոր չէ»,- պատասխանեց Սերժ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է իշխանությունների համար հիմք հանդիսացող «Ալմաթայի հռչակագրին» կամ «Ալմաթայի սկզբունքներին», ապա դա ՀՀ երրորդ նախագահը նմանեցրեց մինչ այս թմբկահարվող «մյունխենյան սկզբունքների» հետ։
««Ալմաթայի սկզբունքը» հասարակության այսօրվա խոսույթում նմանեցնում եմ, հիշու՞մ եք՝ մի «մյունխենյան սկզբունք» էր գրվել մի գարեջրատանը, դրան, որովհետև այդպիսի սկզբունք գոյություն չուներ։ Այո, եղել է Ալամաթայի հայտարարություն, բայց դա եղել է ԽՍՀՄ փլուզման մասին հայտարարություն։ Իսկ Խորհրդային Հայաստանի տարածքը որոշվել է 1988 թվականին՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրով։ Քարտեզը, վստահաբար, կա, բայց, չգիտես ինչու՝ չեն տրամադրում»,- ասաց Սերժ Սարգսյանը։