22/05/2024 15:13
Բագրատ Սրբազանը միավորում է պրոֆեսիոնալներին. լուրջ համախմբում է տեղի ունենում. Գևորգ Թամամյան (Տեսանյութ)
Իշխանության ներկայացուցիչները, եթե բավարար խելացի լինեին, կհասկանային, որ հաշտության օրակագն իրենց համար փրկություն է. Սրբազանը չի գալիս «ասֆալտին փռելու» հռետորաբանությամբ, երբևէ նման խոսույթ Սրբազանը թույլ չի տա իրեն, «Հարցեր կան» հաղորդմանն ասել է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական աշխարհամասի ընտրված նախագահ Գևորգ Թամամյանը։
Նրա խոսքով, 2020 թվականի նոյեմբերին իշխանության շատ ներկայացուցիչներ պատրաստ էին հեռանալ՝ տարբեր պատճառներով, վախեցնելով կարողացան նրանց հետ պահել, բայց ինչ-որ պահից այլևս չեն կարողանալու, հատկապես, երբ շատ բաներ դուրս են գալիս վերահսկողությունից։
Ըստ Թամամյանի՝ երբ ռեպրեսիաները հասնում են մասնագիտական համայնքներին, ուրեմն իշխանությունը փլուզման եզրին է․
«Եթե մենք այս շրջապտույտից դուրս չգանք, կորցնելու ենք պետականությունը, բայց մեր ազգում կան կարող ուժեր, հաղթանակը՝ պետականության հաղթանակը շատ մոտ է։ Մեր ոլորտի օրինակով՝ մինչև 30 տարեկան բժիշկներ ունենք, որ համաշխարհային միություններում կոմիտեներ են ղեկավարում, խոսում են աշխարհի հետ հավասարը հավասարի նման, նույն լեզվով, բայց այդ մարդիկ չեկան արտասահմանից, Հայաստանից են, հետևաբար միջավայրն է կարևոր, փոքր խումբը կարող է շատ լուրջ, մեծ արդյունքների հասնել, եթե կա ճիշտ առաջնորդություն։
Բագրատ Սրբազանը կարողանալու է միավորել պրոֆեսիոնալներին, Սրբազանը խոսում է հաշվետվողականության մասին, և արդեն տեսանելի է, որ շատ լուրջ համախմբում է տեղի ունենում։ Օրեր առաջ քաղաքական ուժերի հետ հանդիպումը վառ օրինակ էր, մարդիկ, որ իրար չեն հանդուրժում, Սրբազանի ներկայությամբ նույն սեղանի շուրջ էին նստել, Սրբազանն իր ներկայությամբ որևէ մեկի կողմից բացառում է հարցադրումը, թե այս կամ այն մեկն ինչու է եկել։ Որևէ մեկն իրեն չի կարող իրավունք վերապահել համարելու, որ ինքն ամենաարդարն է, ամենասպիտակն է։ Սա է միակ ուղին, որով կկարողանանք ոտքի կանգնել»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։