22/05/2024 11:16
Չափագիտության ազգային ինստիտուտի նախկին պաշտոնատար անձինք վերականգնել են պետությանը պատճառված 51 մլն դրամ վնասը
«Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության նախկին պաշտոնատար անձինք, 2010-2018 թվականն ընկած ժամանակահատվածում, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 27 աշխատակիցների հրամանագրել են տարբեր հաստիքներում: Տեղյակ լինելով վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին` վերոնշյալ անձինք կազմել, հաստատել և վավերացրել են աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր՝ դրանցում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու, իրենց գործառութային պարտականությունները կատարելու վերաբերյալ: Արդյունքում՝ պետական բյուջեից 27 անձի անունով դուրս է գրվել առանձնապես խոշոր չափերի գումար:
2020 թվականի օգոստոսի 11-ին հարուցվել է քրեական գործ (վարույթ)` 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը):
2024 թվականի մայիսի 20-ին «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության նախկին պաշտոնատար անձանց կողմից, այդ թվում՝ նախկին տնօրեններ Ե.Չ.-ի և Վ.Ս.-ի կողմից, վերականգնվել է պետությանը պատճառված 51 մլն 227 հազար դրամ վնասը:
Նախաքննությունն ընթացքի մեջ է: