22/05/2024 15:33
Աշխատանքային հանդիպում եմ ունեցել CCAF համանախագահ Մուրադ Փափազյանի գլխավորած պատվիրակության հետ․ Թաթոյան
Երեկ աշխատանքային հանդիպում եմ ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի (Franck Papazian) գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Ֆրանսիայի խորհրդարանի գործող ու նախկին պատգամավորներ, Ֆրանսիայի հայ համայնքի ակտիվ անդամներ։ Այս մասին գրառում է կատարել նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Հանդիպման սկզբում ընդգծել եմ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի, Մուրադ Փափազյանի, CDCA-ի, ինչպես նաև Ֆրանսիայի հայ համայնքի մյուս կառույցների ու անդամների կարևոր դերը հատկապես 44-օրյա պատերազմից հետո ու դրանից հետո Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական հանցանքները բացահայտելու, աշխարհին ու Ֆրանսիայի իշխանություններին ներկայացնելու հարցում։
Այնուհետև, հանդիպման ընթացքում ներկայացրել եմ Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի, Տավուշի մարզերում փաստահավաք աշխանքների արդյունքները՝ կապված, այսպես կոչված, սահմանազատման, դրա հետևանքով սահմանային բնակիչների իրավունքների խախտումների ու անվտանգության խաթարման հետ։
Ադրբեջանական թշնամանքի քաղաքականությունը Հայաստանի բնակիչներին պատճառում է տառապանքներ, նրանց զրկել է սեփականութունից ու անվտանգ կյանքի հնարավորությունից, եկամուտ վաստակելու հնարավորությունից:
Քննարկել ենք Ադրբեջանում ապօրինաբար անազատության մեջ պահվող Արցախի գործող ու նախկին ղեկավարների, հայ զինվորականների ազատ արձակման հետ կապված խնդիրներ։
Նախանշել ենք հետագա համատեղ աշխատանքի ուղղությունները Հայաստանում ու Արցախում հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական հանցանքներն աշխարհին ներկայացնելու, նրանց կեղծիքների տարածումը թույլ չտալու հարցերում», - հայտնում է Թաթոյանը: