22/05/2024 12:10
Այսօր Կլոդ Վիզլերը ելույթ կունենա ԱԺ նիստերի դահլիճում, ինչն աննախադեպ իրադարձություն է. Սիմոնյան (Տեսանյութ)
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ՀՀ-ի և Լյուքսեմբուրգի միջև հարաբերություններն ամուր և աճող են։
«Ցանկանում եմ ընդգծել, որ պարոն Վիզլերը և այսօր այստեղ գտնվող մյուս գործընկերներն այն մարդիկ են, որոնց ջանքերով Լյուքսեմբուրգի դիրքորոշումը շատ հստակ է ՀՀ-ին վերաբերող հարցերում, ինչի համար շնորհակալ ենք։ Դրա վկայությունն է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի կողմից այս այցին ընդառաջ ընդունած՝ Հայաստանին աջակցող ընդարձակ բանաձևը։ Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի չհիմնավորված և չարդարացված ռազմական գործողությունը, որի հետևանքով ավելի քան 100 հազար հայեր գաղթեցին Արցախից»,-նշեց Սիմոնյանը։
ԱԺ նախագահն ընդգծեց ՀՀ-Լյուքսեմբուրգ հարաբերությունների զարգացման և խորացման կարևորությունը։
«Այսօր պարոն Վիզլերի հետ քննարկել ենք հենց այս տեսլականի մանրամասները՝ ընդգծելով ՀՀ-ի պատրաստակամությունը՝ խորացնելու Լյուքսեմբուրգի հետ համագործակցությունն առանց որևէ սահմանափակման։ Այսօր ԱԺ-ում ականատես կլինենք Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների բարձր մակարդակի մասին փաստող ևս մեկ իրադարձության՝ պարոն Վիզլերը ելույթ կունենա ԱԺ նիստերի դահլիճում, ինչն աննախադեպ իրադարձություն է»,-ավելացրեց նա։