22/05/2024 12:21
Հայաստանը մեր ամբողջական աջակցությունն ունի. Վիզլեր (Տեսանյութ)
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ցանկանում են երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնել։
«Մեկ տարվա ընթացքում սա իմ երկրորդ այցն է Հայաստան, որն աննախադեպ բան է։ Առաջին անգամ ես այստեղ էի որպես Լյուքսեմբուրգի խորհրդարանի պատվիրակության անդամ, բայց այն պահից, երբ ես դարձա պալատի նախագահ, ես ասացի, որ պետք է վերադառնամ։ Ինձ դրան դրդեցին վերջին ամիսների ընթացքում այս տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները։ Սա ցույց է տալիս ՀՀ-ի և Լյուքսեմբուրգի հարաբերությունների զարգացումը։ Ունենք շատ ակտիվ քաղաքական երկխոսություն։ Մենք այս ընթացքում պատրաստվում ենք հանդիպել ՀՀ նախագահին ու վարչապետին»,-նշեց Վիզլերը։
Նա ավելացրեց, որ իրենց այս այցը կամրապնդի Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև հարաբերությունները.«Հայաստանը մեր ամբողջական աջակցությունն ունի։ Մենք ողջունում ենք նաև Հռոմի ստատուտի վավերացումը ՀՀ-ի կողմից։ Մենք Լյուքսեմբուրգի խորհրդարանում հաճախ ենք խոսում Հայաստանի, այստեղ տիրող իրավիճակի մասին, բայց կա մեկ առանձնահատկություն՝ բոլոր բանաձևերը, որոնք մենք ընդունել ենք Լյուքսեմբուրգի խորհրդարանում, բոլորը միաձայն են ընդունվել։ Դա նշանակում է, որ բոլոր խմբակցություններն ու կուսակցությունները միաձայն են Հայաստանի հետ կապված հարցերում։ 2015 թվականին, երբ մենք քվեարկեցինք այն բանաձևի օգտին, որը ճանաչում էր 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ցույց տվեց, որ այս հարցում էլ ենք հստակ»։