22/05/2024 13:50
Տնտեսական գործունեության միակ նպատակը պետք է լինի ծառայելը, ոչ՝ ծառայեցնելը. Բագրատ Սրբազան
Տնտեսական գործունեության միակ նպատակը պետք է լինի ծառայելը, ոչ՝ ծառայեցնելը։ Այն չպետք է ծառայի իշխանության ձեռքբերմանը, հարստության անհագ կուտակմանը կամ նյութի չարաշահմանը, այս մասին տնտեսագետների հետ հանդիպմանը հայտարարեց Բագրատ Սրբազանը։
«Հոգևոր ընկալմամբ՝ տնտեսությունը կամ հարստությունը, կամ նյութական միջոցներն օրհնված են, համարվում են բարիք։ Խնդիրը նրանց սխալ կիրառումն է կամ ի չարս գործածումը։ Հետևաբար, դատապարտելի են բոլոր տեսակի տնտեսական խաբեությունները, անարդարության զգացումը, մարդու շահագործումը, որոնք Սուրբ գրքում, թե՛ Հին Կտակարանում, թե՛ Նոր Կտակարանում, ուղղակի կապված են պետության անվտանգության հետ»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Նա նշեց, թե տնտեսական գործունեությունն օրհնված դրական ընկալում ունի։
Սրբազանի խոսքով՝ պետք է նպաստել տնտեսական մենաշնորհների վերացմանը, իշխանության լծակների չարաշահման ու հովանավորչության իսպառ բացառմանը, միջոցների արդար և հավասար բաշխմանը, հասարակության վստահության ամրապնդմանը և բնական պաշարների օգտագործման և տնտեսության զարգացման ճիշտ հավասարակշռմանը։