22/05/2024 14:08
Մեկնարկում է հանրակրթական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն 2024 թվականի մայիսի 21-ից մինչև սեպտեմբերի 1-ը: Գործընթացն իրականացվում է՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 596-Ն որոշման դրույթների:
1. Ատեստավորումն անցկացվում է 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար։
Ատեստավորումն ըստ առարկաների իրականացվում է գրավոր եղանակով:
1) «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, «Մայրենի լեզու (քրդերեն)» և «Մայրենի լեզու և գրականություն (քրդերեն)» առարկաներ դասավանդող ուսուցիչները՝ միայն «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկայից, «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» դասավանդող ուսուցիչները՝ «Պատմություն» առարկայից, «Հայրենագիտություն» և «Իմ հայրենիքը» առարկաները դասավանդող ուսուցիչները՝ «Հայրենագիտություն» առարկայից, «Բնագիտություն» և «Բնություն» առարկաները դասավանդող ուսուցիչները՝ «Բնագիտություն» առարկայից, «Աշխարհագրություն» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչները՝ «Աշխարհագրություն» առարկայից, «Ինֆորմատիկա» և «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաները դասավանդող ուսուցիչները՝ «Ինֆորմատիկա» առարկայից, իսկ «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները ներառվելու են մեկ թեստում։
2) 5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն» («Իմ հայրենիքը»), «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Բնագիտություն» («Բնություն»), «Հայրենագիտություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» («Հայաստանի աշխարհագրություն»), «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Ինֆորմատիկա» (տարրական դասարանից սկսած՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն»), «Հասարակագիտություն», «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Շախմատ» առարկաների ուսուցիչների և դասվարների, ինչպես նաև «Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաների ուսուցիչների և խմբակավարների ատեստավորումն իրականացվում է (թեստավորման) էլեկտրոնային եղանակով:
«Բնագիտություն» («Բնություն») և «Հայրենագիտություն» («Իմ հայրենիքը») առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման համար ընտրում են բարձրագույն կրթության իրենց որակավորմանը համապատասխան առարկան:
Ռուսերենով ուսուցմամբ դասարանների դասվարների համար թեստերը կարող են կազմվել ռուսերենով:
Ուսումնական հաստատությունում նախարարության կողմից երաշխավորված դպրոցական բաղադրիչով առարկաներ դասավանդող ուսուցիչը կարող է ատեստավորվել տվյալ բնագավառի՝ ատեստավորման ցանկում ընդգրկված առարկաներից որևէ մեկով՝ իր ընտրությամբ:
Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։