22/05/2024 16:06
ԱՄՆ դեսպանը հայ-ամերիկյան բարեկամական կապերի խորացման գործում Խաղաղության կորպուսի դերը համարում է անգնահատելի
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը, ելույթ ունենալով Խաղաղության կորպուսի նոր խմբի կամավորների երդման հանդիսավոր արարողությանը, կարծիք է հայտնել, որ կրթության և երիտասարդական զարգացման, ինչպես նաև հայ և ամերիկացի ժողովուրդների միջև կապն ավելի ամրապնդելու գործում կամավորների կողմից արդեն երեք տասնամյակի պատմություն ունեցող գործունեությունն անգնահատելի դերակատարում ունի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խաղաղության կորպուսի կամավորների նոր՝ 29-րդ խմբի մասնակիցների երդման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, Խաղաղության կորպուսի տնօրեն Քերոլ Սփենը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ինչպես նաև Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի անձնակազմը՝ տնօրեն Ջոան Ֆեյրլիի գլխավորությամբ։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, շնորհավորելով կամավորների նոր խմբին, ընդգծեց Խաղաղության կորպուսի գործունեության կարևորությունը։
«Անչափ ուրախ եմ ներկա գտնվել այս կարևոր իրադարձությանը։ Օրը հատկապես առանձնահատուկ է նրանով, որ իր ներկայությամբ մեզ պատվում է Խաղաղության կորպուսի կենտրոնական գրասենյակի տնօրեն Քերոլ Սփենը և մեր հայ բարեկամներն ու գործընկերները։ Ես կարծում եմ, որ կրթության և երիտասարդական զարգացման հարցերում Խաղաղության կորպուսի անգնահատելի ներդրումից բացի՝ նրանց ունեցած ներդրումն առավել մեծ կարևորություն ունի մեր երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդման գործում։ Խաղաղության կորպուսի առաջին կամավորները Հայաստան ժամանեցին 1992 թվականից, և այդ ժամանակվանից ի վեր 1100 կամավոր է ծառայել Հայաստանում։ Ես առիթ եմ ունեցել շփվել Խաղաղության կորպուսի նախկին կամավորների հետ և նաև այն մարդկանց հետ, ովքեր շփվել են կորպուսի կամավորների հետ այստեղ՝ Հայաստանում, և կարող եմ հստակ փաստել, որ, այո, այս ծրագրի շրջանակն օգնել է, որպեսզի մեր ժողովուրդների միջև կապն առավել սերտ դառնա»,- իր ելույթում ասել է ԱՄՆ դեսպանը՝ միևնույն ժամանակ երախտիքի խոսք հայտնելով այն ընտանիքներին, կազմակերպություններին, որոնք ընդունել են Խաղաղության կորպուսի կամավորներին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։