22/05/2024 20:57
«Հայրենատեր հրամանատարի անունը հավերժական դաջված է մեր ու մեր սերունդների սրտերում․ Բայց նրա կենսագրությունն էլ գողացան»․ Բագրատ Սրբազանը՝ Շուշին ազատագրած լեգենդար հրամանատար Կոմանդոսի մասին
Այսօր լեգենդար հրամանատար Կոմանդոսի՝ «Հարսանիքը լեռներում» օպերացիայով Շուշին ազատագրած Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է։ Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ցավով նշեց՝ նրա կենսագրությունն էլ գողացան։
«Այսօր մեր լեգենդար հրամանատար Կոմանդոսի ծննդյան տարեդարձն է։ Եվս մի գողացված, եթե չասեմ՝ ամենամեծ գողացված կենսագրություններից մեկը։ Մարդ, որը փառահեղ մարտական ճանապարհ է անցել խորհրդային տարիներին, հերոսացում և արժանապատվություն է պարգևել մեր ազգին՝ հատկապես Շուշիի ազատագրմամբ, Արցախի ազատագրմամբ՝ իր ընկերների հետ, նրա անունը մնացել է հավերժական դաջված ու գամված մեր սերունդների սրտերում և մտքերում։ Եվ այդ կենսագրությունն էլ է գողացված։
Մենք այսօր խոսում ենք իր հերոսության, սխրանքի մասին, իր հրամանատարական տաղանդի մասին, իր հայրենատեր լինելու մասին, բայց մեր ուղեղի մյուս կիսագունդը հիշեցնում է մեզ, թե ինչ է պատահել այդ ժառանգության հետ։
Կոմանդոսը գնաց որպես հաղթանակած հրամանատար, բայց՝ իր ժառանգությունը պարտված հրամանատար։ Սա ամենամեծ դժբախտությունն է ցանկացած հրամանատարի, զորավարի, ընդհանրապես՝ ցանկացած մարդու համար։
Այդուհանդերձ, մեր բոլորի աղոթքն է՝ իր հոգու խաղաղության համար և մեր շնորհավորանքները մեզ՝ իր ծնդդյան տարեդարձի առիթով»,- ասաց Բագրատ Սրբազանը։