22/05/2024 19:10
ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը կկայանա Հայաստանում
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են․
«Մայիսի 24-ին ԱՊՀ սպորտային մայրաքաղաք Գյումրիում կանցկացվի ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը:
Համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ Ալեքսեյ Մորոզովը, Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Դորոխովիչը, Ղրղզստանի մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդության քաղաքականության նախարարի տեղակալ Այբեկ Աբդիմոմունովը, ԱՊՀ մշակույթի, սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության հարցերով խորհրդական Ալեքսանդր Դուբկովսկին, Տաջիկստանի սպորտի և երիտասարդության հարցերի կոմիտեի փոխնախագահ Պարվիզ Օբիրզոդան, Ղազախստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի փոխնախագահ Ազամատ Իմաշևը, Ուզբեկստանի, Թուրքմենստանի սպորտի ոլորտը համակարգող կառույցների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:
Միջոցառմանը կմասնակցեն նաև Ռուսաստանի մարզիկների միության նախագահ, ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն Դավիդ Մուսուլբեսն ու հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Ասլանբեկ Խուշտովը:
Համաժողովը կվարի ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Այցի շրջանակում ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչները կծանոթանան նաև Գյումրու մարզական ենթակառուցվածքներին, կունենան մի շարք այլ հանդիպումներ:
Մայիսի 25-ին Երևանում տեղի կունենա «Սպորտը բոլորի համար» և «Սպորտի համաշխարհային նվաճումները» խորագրով մարզական ֆորումը: Նախատեսված են նաև այցելություններ Երևանի և Ծաղկաձորի մարզական ենթակառուցվածքներ»: