22/05/2024 17:57
Հակոբ Տեր-Խաչատուրյանի և Մուրադ Փափազյանի գլխավորած պատվիրակությունը Մայր Աթոռում էր․ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ քննարկել են Հայաստանի ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները
Մայիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ և Հայ դատի հանձնախմբերի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին նաև Ֆրանսիայի Սենատի պատգամավորներ։
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը և պատվիրակության անդամները քննարկեցին Հայաստանի ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին առնչվող հարցեր՝ կարևորելով հայրենական կյանքում ազգային միասնականությունն ու ջանքերի մեկտեղումը՝ առկա խնդիրների հաղթահարման գործում։
Իր խոսքում Հայոց Հովվապետն անդրադարձ կատարեց Հայաստանի և արցախահայության իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը և այդ ուղղությամբ Ֆրանսիայի իշխանությունների կողմից ներդրվող ջանքերին։ Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց Ֆրանսիայի Սենատի պատգամավորներին շարունակական զորակցության համար։
Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց պատվիրակության անդամների հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության և հայ ռազմագերիների վերադարձման գործում Մայր Աթոռի կողմից տարվող աշխատանքներին։