22/05/2024 16:36
Մենք կողմ չենք, մենք տան հայրն ենք. ուզում ենք հաշտություն բերել մեր երկրին. Տեր Աբել քահանա Քարտաշյան (Տեսանյութ)
Իշխանությունն ուզում է եկեղեցուն իբրև պայքարի կողմ ներկայացնել, որ մեզ մեր հոր կարգավիճակից հանեն ։ Մենք կողմ չենք, մենք տան հայրիկն ենք, ուզում ենք հաշտություն բերել մեր երկրին,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է Տավուշի թեմի հոգևորական Տեր Աբել քահանա Քարտաշյանը։
«Մեր ժողովուրդը ստոկհոլմյան սինդրոմի մեջ է, բռնարարը գիտի, որ զոհը որպեսզի որպես զոհ մնա, պետք է վախի մթնոլորտում պահել, իսկ մարդկանց վախեցնելու գործիքը նախկիններն ու հարևան պետության ղեկավարն են։ Իշխանությունը վախ տարածելու միջոցով փորձում է արմատախիլ անել տղամարդկությունը, փորձում են պատվազուրկ անել բոլոր տղամարդկանց, որ հանկարծ հողեր հանձնելիս դիմադրություն չլինի։ Չպատկերացրին, որ մեր ազգում կա տղամարդ՝ ժայռի նման տղամարդ, իսկ իրենք, իբրև քամի, պիտի զարնվեն դարավոր կառույցին և շպրտվեն։ Իշխանությունը չի պատկերացնում, որ եկեղեցուն թիրախավորելով, ճղճիմ վերաբերմունքով ավելի մեծ ատելություն է վաստակում, իսկ ատելության և մերժումի վրա հնարավոր չէ սեր կառուցել։
Չարության, ատելության մթնոլորտում ապրող մարդուց գողացել են հույսի ընկալումը, մարդիկ ապրում են հուսահատության մրուրի տակ։ Առանց երազանքի, առանց պատկերացում ունենալու, առանց հիշողության մարդը չի տարբերվում կենդանուց, իշխանությունը կեղծ դիսկուրսներով՝ «իզմ»-եր մի ունեցեք, ապրեք սպառելով, թունավորում են մարդկանց։ Եկեղեցին քարոզում է հոգևոր դաստիարակության կարևոր հիմնասյուներից մեկը՝ երազելը։ Հիմա, եթե մենք հայոց երազանքների հարյուր, երկու հարյուր տարվա ճանապարհի մասին չխոսենք, դատապարտված կլինենք»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։