23/05/2024 13:02
Փաշինյանը ճիշտ կանի ասի՝ որ երկրներն են մասնակցել մեր դեմ պատերազմի նախապատրաստմանն ու ինչ են արել. հակառակ դեպքում դա հնչում է որպես քարոզչություն
Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ ՀԱՊԿ առնվազն երկու երկիր մասնակցել է 2020 թվականի մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը։
Aysor.am-ի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը քարոզչական թեմա է.
«Այն շատ վաղուց շրջանառվում է Հայաստանում, և քաղաքական դերակատարները տարբեր նկատառումներով դա օգտագործում են։ Խորհրդարանական ընդդիմությունն այդ կերպ քննադատում է իշխանությանը՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները փչացնելու համար և մեկնաբանում, որ այդ պատճառով մեզ չեն օգնում։ Իշխանությունն էլ հակառակն է պնդում, որ ՀԱՊԿ-ը միշտ Ադրբեջանի շահերն է առաջ տանում։ Եվ հիմա այդ տրամաբանությունների մեջ տեսնում ենք, որ Լուկաշենկոյի վերջին հայտարարությունների կապակցությամբ Հայաստանում այդ խոսակցությունը ծավալվեց խորհրդարանում»։
Բադալյանը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ կանի, որ հստակ ասի, թե այդ որ երկրներն են.«Մենք կարող ենք կռահել, բայց դա ինքը պետք է ասի։ Մենք առնվազն գիտենք, որ Ռուսաստանը միլիարդների զենք է վաճառել Ադրբեջանին և հակառակը՝ Ադրբեջանն է ՌԴ-ին զենք վաճառել։ Այս տեսանկյունից կարող ենք ասել, որ ՌԴ-ն ու Բելառուսը նպաստ ունեցել են Ադրբեջանի բանակի սպառազինության համալրմանը։ Թե էլ ի՞նչ կերպ են օգնել Ադրբեջանին՝ պետք է մանրամասնի Նիկոլ Փաշինյանը։ Երբ այդ մանրամասները չկան, դրանք հնչում են պարզապես որպես քարոզչություն։ Եվ դրանով ստեղծվում է հետագա մանիպուլյացիայի նոր դաշտ»։
Վերլուծաբանը կարծում է, որ այս հայտարարությունները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ Սրբազան շարժման վրա, քանի որ այս թեման, առնվազն 1.5 տարի է, ինչ շրջանառվում է.
«Այս անգամ դրա առիթը Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն էին։ Քանի որ այն մանիպուլատիվ թեմա է և խորքն էլ այլ է, կարծում եմ, որևէ կերպ չի ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա։ ՀԱՊԿ-ը մտադրություն չունի մտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս իմաստով ստեղծվել է մի իրավիճակ, երբ առկա պատկերը բավարարում է թե՛ իրենց, թե՛ Հայաստանին։ Այսինքն՝ Հայաստանը թեման օգտագործում է իր քարոզչական խնդիրները լուծելու համար, իրենք էլ՝ իրենց։ Իսկ խնդիրն այն է, որ ՀԱՊԿ-ը Կովկասում գործունակ կառույց չէ։ Եվ հետևաբար այստեղ հարց է առաջանում, թե ում վրա է մնալու այդ անգործունակության պատասխանատվությունը։ Իրենք գցում են Հայաստանի վրա, Հայաստանը գցում է իրենց վրա։ Այս վիճակն է»։