23/05/2024 11:09
Այցելուներ չունենալու պատճառը մի փնտրեք Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատանքային գործընթացների մեջ. Ծաղկաձորի համայնքապետարանն արձագանքել է Գարիկ Պապոյանին
Ծաղկաձորի համայնքապետարանն արձագանքել է հումորիստ Գարիկ Պապոյանի տեսանյութին և գրել.
«Հարգելի՛ Գարիկ Պապոյան, Ծաղկաձոր համայնքում իրականացվում են սուբվենցիոն և համայնքային ներդրումային ծրագրերի շրջանակներում լայնածավալ աշխատանքներ:
Աշխատանքները իրականացվում են ըստ նախագծերի և ըստ եղանակային պայմանների:
Համայնքում կատարվող բոլոր աշխատանքները միտված են համայնքի բնակիչների և հյուրերի բարեկեցիկ կյանքի և հարմարավետ տեղաշարժման կազմակերպմանը, այլ ոչ թե խոչընդոտ հանդիսանալու որևէ տնտեսվարողի համար:
Այցելուներ չունենալու պատճառը մի փնտրեք Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատանքային գործընթացների մեջ, այլ վերանայեք Ձեր գնային քաղաքականությունը:
Տվյալ թաղամասը երբևէ կոյուղագիծ չի ունեցել և ամբողջ կոյուղին լցվում էր հարակից գետը և վնասակար ազդեցություն թողնում շրջակա միջավայրի վրա: Հիշեցնենք, որ Ձեր շինության կոմունիկացիաները անցկացնելու ընթացքում դուք ևս վնաս եք հասցրել և անանցանելի դարձրել տվյալ ճանապարհը: Կոյուղագծերի աշխատանքների ավարտվից հետո անմիջապես կսկսվեն ճանապահի հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանքները:
Հավելենք, որ տվյալ աշխատանքները կատարվում են ոչ թե ընտրյալ 30-40 հոգու համար, այլ մոտ 2 000 տեղաբնակների և տարեկան 100 000-ավոր այցելուների հետագա բարեկեցության և հարմարավետության համար»:
Երեկ Aysor.am-ն անդրադարձել էր խնդրին և գրել, որ հումորիստ Գարիկ Պապոյանը վրդովված է Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատանքներից, որի կապակցությամբ տեսանյութ էր տեղադրել իր էջում։