23/05/2024 15:02
ՊԵԿ նախագահը և ԵՄ դեսպանը համատեղ շրջայց են կատարել Մարգարայի անցակետում
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Մարգարայի անցակետում հյուրընկալել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսին և նրա ղեկավարած պատվիրակությանը: Կոմիտեի ղեկավարը և դեսպանը համատեղ շրջայց են կատարել անցակետի տարածքում:
Ներկայացվել է անցակետի ամբողջ ենթակառուցվածքը, ընթացակարգերի կիրառման և կազմակերպման հերթականությունը: Ընդգծվել է, որ Մարգարայի մաքսակետում, ինչպես Հայաստանի մյուս անցակետերում, պետական սահմանային հսկողությունը նախատեսված է իրականացնել սահմանային համալիր կառավարման սկզբունքի հիման վրա՝ «մեկ պատուհան» համակարգով։ Անցակետի հիմնական շինարարական աշխատանքներն իրականացվել են կարճ ժամանակահատվածում՝ մոտ վեց ամսվա ընթացքում, կապիտալ նորոգումն ամբողջությամբ ավարտվել է։ Այստեղ կառուցվել են հարմարավետ սպասարկման սրահ, խորը զննման անգար, բեռների ձևակերպման համար նախատեսված տաղավարներ և պահեստ, ավտոկայանատեղիներ, բարեկարգված ընդարձակ հրապարակ և միջազգային չափանիշներին համահունչ այլ ենթակառուցվածքներ՝ հագեցած ժամանակակից տեխնիկական սարքավորումներով։
Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում ՊԵԿ բարեփոխումներին, ինչպես նաև միջազգային համագործակցության շրջանակում հարկային և մաքսային ոլորտներում արդեն իսկ ձեռբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին: ԵՄ դեսպանը գոհունակություն է հայտնել անցակետում իրականացված աշխատանքներից։