23/05/2024 13:44
Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է, որ Սամվել Դանիելյանը Բագրատ Սրբազանին բարևելու պատճառով չի ազատվել աշխատանքից
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է, որ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը Բագրատ Սրբազանին բարևելու պատճառով չի ազատել աշխատանքից։
«Պարոն Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը վաղուց լրացել էր, նրա հետ կնքվել էր ժամանակավոր պաշտոնակատարի ժամկետային պայմանագիր, որը մի քաի օր ավելի շուտ է ընդհատվել՝ ելնելով կենտրոնի կառավարման նպատակահարմարությունից»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։
Բժիշկ Գևորգ Թամամյանը, ով Դանիելյանի հետ ազատման դիմում էր գրել, ուղիղ եթերում հայտարարել էր, որ Դանիելյանն օրեր առաջ Բագրատ Սրբազանի քայլերթի ժամանակ գնացել ու ողջագուրվել է Սրբազանի հետ։ Ըստ նրա՝ Դանիելյանի ազատումը քաղաքական ենթատեքստ ունի։
«Բնական է, դա ցնցումներ է առաջացրել մեր բարձրագույն, այսպես կոչված, ղեկավարության մոտ ու, ենթադրում եմ՝ դրանից հետո Առողջապահության նախարարի առջև նման պահանջ է դրվել, որ պետք է շատ շտապ հարցը լուծել ու պարոն Դանիելյանին ազատել»,- ասել էր Թամամյանը։