23/05/2024 10:09
«Ժողովուրդ». Ինչու է Արփի Դավոյանը ցանկանում ընդլայնել գլխավոր դատախազի լիազորությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը նախագիծ է ներկայացրել ԱԺ, որով ցանկանում են ընդլայնել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի լիազորությունները, որպեսզի նա այսուհետ կարողանա քննիչին փոխել գործի վարույթից: ՔՊ շրջանակից, անանուն մնալու պայմանով, երեկ մեզ պատմեցին, որ ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանին այդ նախագիծը ներկայացնելու հանձնարարությունը տվել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ «ժողովուրդ» օրաթերթը դիմեց Գլխավոր դատախազություն, որտեղից ի պատասխան՝ դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց. «Իրականության հետ աղերս չունեցող և մտացածին «լուրերը» Գլխավոր դատախազությունը չի մեկնաբանում»:
Բայց փաստ է, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի, ապա և լիագումար նիստերի ընթացքում դատախազի տարեկան հաղորդումների ժամանակ Արփի Դավոյանը շնորհակալությունների տարափ էր հորդեցնում Աննա Վարդապետյանի հասցեին: Եվ այդ «շնորհակալություններից» հետո ԱԺ քննարկմանը ներկայացվեց դատախազին ձեռնտու նախագիծ՝ նույն Դավոյանի կողմից: Պատահականությո՞ւն. դժվար է հավատալ. բայց Արփի Դավոյանը մեր հարցերին չի պատասխանում, որ մանրամասները իրենից էլ ճշտեինք»։