23/05/2024 09:51
«Փաստ». Երևանի ջրահեռացման համակարգի պատասխանատուն «Վեոլիա ջուր»-ն է. որևէ պարզաբանում հնչե՞լ է մայրաքաղաքի փողոցների գետերի համար
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին առնվազն մեկ ամսվա ընթացքում հորդառատ անձրևների հետևանքով մայրաքաղաքի փողոցներում որոշ օրերի իսկական գետեր էին հոսում, ավելին՝ առանձին դեպքերում մեքենաներն ուղղակի մնացել էին հսկայական անձրևալճերում: Շատերը կես կատակ-կես լուրջ արձանագրում էին, որ այսուհետ Երևանի ամենատարածված փոխադրամիջոցը նավակն է լինելու:
«Փաստ» թերթի տեղեկություններով, որոշ ժամանակ առաջ Երևանի քաղաքապետը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին իրենց տարածքներում գույքագրում իրականացնել՝ կապված ջրահեռացման համակարգերի հետ: Թվում է՝ արտառոց բան չկա, քաղաքապետարանը զբաղվում է իր գործով, ավելին՝ նման հանձնարարականը երևի թե նաև ուշացած է: Սակայն այստեղ արտառոցն այն է, որ ջրահեռացման համակարգի պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է, ու փաստացի ստացվում է, որ վարչական շրջանների ղեկավարները մտնելու են «ուրիշի դաշտ»:
Շատ ավելի տարօրինակ է, որ այս ամբողջ ընթացքում նույն «Վեոլիա ջուր» ընկերությունից որևէ պարզաբանում, որևէ «արդարացում» չհնչեց, կարծես այդպես էլ պետք է լիներ: Այնինչ, նման վիճակը Երևանի համար արդեն վաղուց նորություն չէ, ավելին, «Վեոլիա ջուր» ընկերության պատճառով տարիներ շարունակ դարձել է «ավանդույթ»»։