24/05/2024 19:57
Եթե ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տա, ԵՄ երկրները պետք է կատարեն որոշումը․ Բորել
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծիք է հայտնել, որ ԵՄ անդամ երկրները պետք է կատարեն Միջազգային քրեական դատարանի որոշումը, եթե այն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տա։
TVE հեռուստաալիքին տված հարցազրույցում Բորելը ասել է, որ «մեկ քայլ առաջ գնալով՝ Պաղեստին պետության ճանաչման հարցում քաղաքական աջակցություն ցուցաբերելու» մասին Իսպանիայի, Իռլանդիայի և Նորվեգիայի որոշումը «ինքնիշխան» է, նա նշել է, որ Սլովենիան էլ կարող է միաանալ այդ նախաձեռնությանը, այնուամենայնիվ, ըստ Բորելի, ԵՄ անդամ երկրների մոտեցումներն այս հարցում շատ տարբեր են։
Իսկ հարցին՝ ԵՄ անդամները պե՞տք է արդյոք ձերբակալեն Նեթանյահուին, եթե ՄՔԴ-ն համապատասխան որոշում ընդունի, Բորելը պատասխանել է․ «Նրանք պետք է դա անեն, մենք չենք կարող երկակի ստանդարտներ կիրառել»։
Նշենք, որ մայիսի 20-ին Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը դիմել է դիմել է ՄՔԴ-ի Նախաքննական պալատ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդեր տալու պահանջով՝ այն հիմքով, որ նրանք պատասխանատվություն են կրում առնվազն 2023 թվականի հոկտեմբերի 8-ից Պաղեստինի տարածքում (Գազայի հատված) ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։ Միևնույն ժամանակ Խանը պահանջել է ձերբակալելու օրդեր տալ նաև «ՀԱՄԱՍ»-ի երեք առաջնորդների համար։