24/05/2024 10:46
Լեո Նիկոլյանը հանդիպման տարբերակ է առաջարկում Բագրատ սրբազանին. Sputnik-Արմենիա
«Զվարթնոց» օդանավակայանում ավելի քան մեկ ամիս հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանի հետ և առաջարկում է նրան օդանավակայան գալ։ Այս մասին նա ասել է Sputnik Արմենիայի հետ զրույցում։ Նիկոլյանը նշել է՝ լսել է Տավուշի թեմի առաջնորդի հրապարակային հորդորը՝ դադարեցնել հացադուլը, ինչպես նաև նրա ցանկությունը՝ գալ և տեսակցել։ Զարմանում է, թե ինչու սրբազանը մինչև հիմա չի եկել ու չի հանդիպել իրեն։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն օրերս լրագրողների հետ զրույցում դիմել էր Լեո Նիկոլյանին՝ կոչ անելով դադարեցնել հացադուլը, նաև ԱԱԾ-ին՝ խնդրելով թույլ տալ իրեն տեսակցել ֆրանսահայ լրագրողի հետ և անձամբ հորդորել, համոզել դադարեցնել հացադուլը։
«Ես լսել եմ իր հորդորը, իր սիրուն խոսքերը (հացադուլը դադարեցնելու մասին,–խմբ.), բայց ես զարմանում եմ. 10 րոպե է պետք այստեղ հասնելու համար։ Բագրատ սրբազա՛ն, եթե գումար էլ չունես, ես էդ գումարը կվճարեմ, մի տոմս կառնեմ քեզ համար, մի ուղղություն` Թբիլիսի, կգաս, ես քեզ կհյուրասիրեմ, կնստենք, կխոսենք, չես թռչի, հետ կգնաս քաղաք»։
«Զվարթնոցում» ապրիլի 23–ից հացադուլ անող Նիկոլյանն ArmeniaSputnik–ին ասել է, որ տարբեր ուղղություններով գնացող հազարավոր ուղևորներ են օրական մոտենում իրեն, և դա ուժ է տալիս իրեն։