24/05/2024 15:57
Ինչ հանձնեցինք՝ Ադրբեջանի համար դառնալու է ռազմական հենակետ. վերականգնել խորհրդային շրջանի սահմանները, նշանակում է նպաստել ազգամիջյան կոնֆլիկտներին (Տեսանյութ)
Խորհրդային հանրապետությունների միջև սահմաններն այնպես էին գծված, որ բոլոր հարևան պետությունների միջև առաջանային տարածքային վեճեր, որպեսզի կենտրոնը Մոսկվայից կարողանար կառավարել գործընթացները, հետևաբար, վերականգնել խորհրդային շրջանի սահմանները, նշանակում է նպաստել ազգամիջյան այն կոնֆլիկտներին, որոնք ժամանակային կային, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
Նա ավելացրել է նաև՝ այս պայմաններում սահմանազատումը որևէ աղերս չի կարող ունենալ խորհրդային շրջանի վարչական սահմանների վերականգնման հետ։ Քարտեզները չեն կարող հիմք լինել սահմանազատման համար, հերիք է, որ Ադրբեջանը հայտարարի, թե իրավահաջորդը չի Խորհրդային Ադրբեջանի՝ ի՞նչ է անելու Հայաստանը։
«Ապագա սահմանը չի կարող լինել նոր կոնֆլիկտների աղբյուր, ինչ տիրապետում եմ, այն էլ տնօրինում եմ սկզբունքը չի կարող գործել սահմանազատման դեպքում։ Ինչ հանձնեցիք՝ Ադրբեջանի համար դառնալու է ռազմական հենակետ, Տավուշի պաշտպանական գծի կազմաքանդումը հանգեցնելու է Մեղրին հանձնելուն։ Ադրբեջանի քաղաքական ղեկավարը խնդիր է դրել չեզոքացնել հայկական աշխարհաքաղաքական գործոնը Հարավային Կովկասում, այնպես, որ տարածաշրջանում Հայաստանը աշխարհաքաղաքական որևէ դերակատարում չկարողանա ունենալ»։