24/05/2024 17:44
«Իսկ ի՞նչ պետք է աներ Ասկերանի քաղաքապետ Շամիրյանը, ավտոմեքենան պիտի Ալիևի՞ն նվիրեր, և ո՞վ է տուժողն այժմ` Ադրբեջա՞նը»․ Փաստաբանի հարցն անպատասխան են թողել
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը։ Նրան մեղադրում են Ասկերան համայնքին պատկանող մեքենան «յուրացնելու» մեջ՝ «կեղծ փաստաթուղթ պատրաստելու» միջոցով, խոսքը ավագանու որոշման մասին է:
Փաստաբան Վահե Եփրիկյանը, ով Շամիրյանի շահերն է դատարանում ներկայացրել, «Հրապարակ»-ի հետ զրույցում նշել է, որ առնվազն անհասկանալի ու տարակուսելի է, երբ մարդուն մեղադրում են Արցախի Հանրապետությանը գույքային վնաս հասցնելու համար, սակայն ամիսներ առաջ հենց նույն իշխանության ձեռքով Ադրբեջանին է հանձնվել ողջ Արցախի Հանրապետությունը.
«Դատական նիստի ընթացքում բարձրացրել եմ այդ հարցը` առերևույթ խարդախության տուժող կողմն ո՞վ է: Խարդախության հանցակազմն օբյեկտիվ կողմից պետք է դրսևորվի առնվազն երկու եղանակով` խաբեության, կամ վստահությունը չարաշահելու եղանակով։ Քանի որ քննիչը պնդում է, որ կա խաբեություն, ես հարց եմ ուղղել` ո՞ւմ է խաբել: Ինչ վերաբերում է խարդախությանն, ապա դրա կարևոր կոմպոնենտը որևէ անձի` ֆիզիկական, իրավաբանական անձի, անձանց խմբի տուժելու հարցն է: Ո՞վ է տուժողն այժմ` Ադրբեջանի Հանրապետությո՞ւնը։ Իմ հարցը մնաց անպատասխան», - ասել է Եփրիկյանը:
Իսկ ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել Հայկ Շամիրյանին, ի՞նչն է պատճառը։
«Տվյալ մեքենայի անվանափոխությունը տեղի է ունեցել դեռ հունվար ամսին: Անձի նկատմամբ օպերատիվ տեղեկությունների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել երեկ չէ առաջին օրը` մայիսի 22-ին: Հարց է առաջանում` ինչո՞ւ երեք-չորս ամիս շարունակ ոչ մի գործողություն չէր արվում: Պատճառը մեկն է` այն անձինք, ովքեր ունեն քաղաքական ակտիվություն, որոշակի հեղինակություն, կապեր, ծանրակշիռ խոսք, հետապնդումների են ենթարկվում, որպեսզի լռեն: Մնալով մինչև վերջին օրն Ասկերանում` մահվան կրակի տակ, Հայկ Շամիրյանը վերջին օրը Երևան է եկել` իր հետ բերելով ավտոմեքենան: Իսկ ի՞նչ պետք է աներ, ո՞ւմ պետք է նվիրեր: Մենք այս հարցերի պատասխանները չենք ստացել՝ քաղաքական իշխանության տեսանկյունից: Փաստորեն լավ կլիներ, որ ավտոմեքենան մնար Իլհամ Ալիևին»,- եզրափակել է փաստաբանը: