24/05/2024 16:29
Նախկինում Բաքվի իրականացրած քայլերն առկա բանակցություններում նրա անկեղծության վերաբերյալ կասկածներ են առաջացնում․ Ջոն Ինյարիտու
Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացի հաջողությունը մեծապես կախված է արդար և թափանցիկ բանակցություններին երկու կողմերի իրական հանձնառությունից։
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ սահմանազատման գործընթացի համատեքստում Հայաստանի իշխանությունները բանակցում են Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի հետ, որը գլխավորում է էքսպանսիոնիստական նկրտումների պատմություն ունեցող ալիևյան կլանը:
Իսպանացի պատգամավորը նկատել է՝ թեև բանակցությունները կարևոր են հակամարտությունների խաղաղ լուծման հասնելու համար, սակայն պետք է ընդունել բարդությունները և հիմքում ընկած խնդիրները՝ հասկանալու համար այս համաձայնության (խմբ․ պատգամավորը նկատի ունի ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ պայմանավորվածությունը) հնարավոր արդյունքները:
Այսուհանդերձ, Ինյարիտուն սահմանազատման գործընթացի համատեքստում ևս Ադրբեջանի մտադրությունների անկեղծության վերաբերյալ մտահոգություն է հայտնել․ ««Արևմտյան Ադրբեջանի» քարոզչության մեջ Ադրբեջանի զգալի ներդրումն, ինչպես նախկինում արեցին «խավիարային դիվանագիտության» սխեմայի դեպքում, մտահոգություն է առաջացնում նրա մտադրությունների անկեղծության վերաբերյալ: Նման գործողությունները կարող են խաթարել խաղաղության գործընթացը՝ ստեղծելով և հավերժացնելով կեղծ պատմություններ, որոնք ավելի շուտ բորբոքում են լարվածությունը, քան լուծում դրանք»,-ասել է իսպանացի պատգամավորն՝ ընդգծելով, որ անարդար խաղաղությունը, որը պարտադրված է կամ չի կարողանում լուծել երկու կողմերի հիմնական խնդիրները և դժգոհությունները, դժվար թե տևական կայունություն բերի:
Ինյարիտուի կարծիքով՝ պարտադրված կամ էլ կողմերի միջև գոյություն ունեցող հիմնական խնդիրների լուծմանը չհանգեցնող համաձայնագիրը կարող է ոչ թե խաղաղություն ու կայունություն բերել, այլ կարող է դանդաղ գործողության ռումբ հանդիսանալ։
«Որպեսզի խաղաղությունը կայուն լինի, համաձայնագիրը պետք է լինի արդար, հավասարակշռված և հարգված՝ դրանում բոլոր ներգրավվածների կողմից»,- նշել է պատգամավորը:
Ջոն Ինյարիտուն, համեմատելով հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը և, ընդհանրապես, Բաքվի՝ ձեռք բերված համաձայնություններին հավատարիմ մնալու և դրանց հետևելու վարքագիծը, հիշեցրել է այն գործողությունների մասին, որոնք Ադրբեջանն իրականացրել է Լեռնային Ղարաբաղում և վերջինիս վերաբերող պայմանավորվածություններում։
«Ադրբեջանի կողմից Արցախի կառավարության ներկայացուցիչների, արցախցի քաղաքացիական անձանց և նույնիսկ երրորդ երկրներից, օրինակ՝ Լիբանանից եկած անհատների շարունակական կալանավորումը, որը հիմնված է բացառապես նրանց հայկական ծագման վրա, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Այս ապօրինի գերությունն ընդգծում է ադրբեջանական ռեժիմի համակարգված և խտրական քաղաքականությունը հայերի նկատմամբ»,- ասել է նա՝ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից նմանատիպ գործողություններն ավելի են ընդգծում երկիրը կառավարող ռեժիմի կողմից մարդու հիմնարար իրավունքների անտեսումը և նրա մտադրությունը՝ ահաբեկելու և ճնշելու հայ բնակչությանն ամբողջ աշխարհում: