24/05/2024 19:06
Դատարանը վճռել է ոչնչացնել անձրևանոցը, որն անցյալ տարի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ նետել էր Բերձորից բռնի տեղահանված Նարինե Ասատրյանը
Արարատի և Վայոց Ձորի մարզի իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Միքայել Գրիգորյանի, հրապարակել է Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում նախորդ տարվա ապրիլի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա անձրևանոց նետած կնոջ գործով դատավճիռը։
Ինչպես հայտնում է News.am-ը, Փաշինյանի վրա անձրևանոց նետած կինը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 44-452-րդ հոդվածի 3-րդ նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 2 տարի ժամկետով: ՀՀ ՔՕ 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ Նարինե Ասատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվելու՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով՝ վարքի նկատմամբ վերահսկողությունը դնելով ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վրա, Նարինե Ասատրյանին պարտավորեցնելով՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության չլքել ՀՀ տարածքը, բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում հայտնել իր նոր բնակության վայրի հասցեն:
Դատարանը որոշել է նաև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված՝ Նարինե Ասատրյանի անձնական խուզարկությամբ վերացված բալագույն անձրևանոցը ոչնչացնել:
Ըստ մեղադրանքի՝ 47-ամյա կինը, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «բռնություն գործադրել»՝ իր մոտ գտնվող անձրևանոցը նետելով նրա ուղղությամբ։
Նարինե Ասատրյանն Արցախից տեղահանված է։ Նա ընտանիքի հետ 2000-ականներից վերաբնակեցվել է Բերձորում։ Ընտանիքը Բերձորից չի հեռացել մինչև այն պահը, երբ Բերձորը վերջնականապես հանձնվել է ադրբեջանական վերահսկողությանը։ Նարինեն 7 երեխաների և ամուսնու հետ վարձով է բնակվում Մալիշկա գյուղում։