24/05/2024 13:24
«Ոչինչ, որ մեքենան, մի քանի ընտանիք էլ մնար այնտեղ». Ասկերանի նախկին քաղաքապետին մեղադրում են համայնքային գույքի՝ մեքենայի հափշտակության համար
Երևանի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում՝ դատավոր Ռազմիկ Մարիկյանի նախագահությամբ, դռնփակ կարգով քննվում է Արցախի Հանրապետության Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանին կալանավորելու՝ նախաքննական մարմնի միջնորդության հարցը:
Հայկ Շամիրյանին ձերբակալել էին երեկ, բնակարանի խուզարկությունից հետո: Նրան ՀՀ իշխանությունները մեղադրում են Արցախի Հանրապետությանը գույքային վնաս պատճառելու մեջ:
Նախկին քաղաքապետի հորաքույրը՝ Անահիտ Պետրոսյանը, նշեց, որ խոսքը 5 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ համայնքային գույքի մասին է՝ մեքենայի, որը համայնքի անդամների որոշմամբ հանձնվել է համայնքի ղեկավարին՝ հաշվի առնելով, որ նրա գործուներությունը Ասկերանում։
«Սա աննախադեպ է՝ ներկայացնում են խոշոր չափի հափշտակություն, երբ չկա բողոքող կողմ, վնաս կրած կողմ։ Ասկերանի քաղաքապետը հանձնվող Արցախից դուրս է բերել ու Հայաստան հասցրել ոչ միայն իր, այլև ևս 3 ընտանիք։ Այսինքն` ոչինչ, որ մեքենան մնար այնտեղ, մի քանի ընտանիք էլ մնար այնտեղ»,-ասաց նա։