24/05/2024 09:49
«Ժողովուրդ». Ինչպե՞ս էր Ավանեսյանը կոնկրետ ժամկետներ խոստանում, եթե ծավալների մասին պատկերացում չունեին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ձախողել է իրեն վերապահված ոլորտը, բազմիցս ենք անդրադարձել. ու որքան երկար է նա աշխատում այդ պաշտոնում, այնքան ավելի է ձգվում ձախողումների շարքը։ Հերթական ձախողումը կապված է առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման հետ։ Այս տարվա հունվարին նախարարը հայտարարեց, թե 2024 թ. հուլիսից կմեկնարկի բժշկական պարտադիր ապահովագրության համակարգը:
Նշեց, որ այն կիրագործվի փուլերով. սկզբում պետպատվերի շահառուները կներառվեն համակարգում: «Նրանք մինչև 18 տարեկան երեխաներն են, առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք են կամ ֆունկցիոնալության այդ աստիճաններն ունեցող քաղաքացիները, և ունենք մի շարք այլ խմբեր», – մանրամասնել էր նա։
Բայց, պարզվում է՝ մինչև հիմա ընդունված չէ այս ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթը. այն անգամ կառավարության հաստատմանը չի ներկայացվել։ Իսկ երեկ էլ Ավանեսյանը, լրագրողների հետ ճեպազրույցում, հարցին, թե առաջին փուլի մեկնարկը երբ է նախատեսված, ասել է. «Քանի որ սա օրենսդրական մեծ փաթեթ է, շատ դժվար է դրա ընդունման ժամկետները հստակ սահմանել, որովհետև դեռ ԱԺ-ում պետք է քննարկումներ տեղի ունենան, և նախագծի շուրջ ԱԺ-ում էլ թե՛ հանրային լսումներ կլինեն, թե՛ կլինեն նաև պատգամավորների կողմից որոշակի առաջարկներ»։
Այսինքն՝ ակնհայտ է, որ այդ համակարգն այս տարվա հուլիսից չի մեկնարկի, ինչպես խոստացել էր նախարարը: Նաև ասում են՝ այս համակարգի ներդրման հետ կապված խնդիրներ կան. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նախորդ նիստին ասել էր. «Քննարկումների արդյունքում՝ ամենամեծ մտավախությունն այն է, որ մենք, կարող է, ծավալների մասին պատկերացում չունենք, որ, կարող է, մտնենք այդտեղ և պարզվի, որ բեռն այնքան մեծ է, որ անգամներով տարբերվում է մեր պատկերացումից: Հիմա այս մեխանիզմով մենք փուլ-փուլ հասկանում ենք, թե ինչ ծավալի հետ գործ ունենք»։
Եթե ծավալների մասին պատկերացում չունեն, եթե օրենսդրական փաթեթը մինչև հիմա անգամ կառավարության հաստատմանը չի ներկայացվել, եթե ի սկզբանե պարզ էր, որ սա շատ մեծ գործընթաց է, ինչպե՞ս էր Ավանեսյանը կոնկրետ ժամկետներ խոստանում. թեև դրա պատասխանն ունենք՝ ոլորտին չտիրապետող, մասնագիտությամբ իրավաբան նախարարը պատկերացում չունի հավանաբար առողջապահության համակարգի մասին, ռիսկերի մասին, այդ իսկ պատճառով էլ ականատես ենք լինում նման իրավիճակի. ու քանի որ նա ակտիվ ՔՊ-ական է, կուսակցության բոլոր միջոցառումների մասնակից, թերևս դրա համար էլ շարունակում է պաշտոնավարել: Այլ բացատրություն դժվար է գտնել»։