24/05/2024 09:58
«Ժողովուրդ». Բագրատ Սրբազանը որևէ թուղթ չի ստորագրել. անակնկալներով լի հանրահավաք է սպասվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին առաջարկել են ժամանակավոր կառավարության վարչապետի պաշտոնում իր թեկնածությունը հաստատող փաստաթուղթ ստորագրել: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն առաջնորդող Բագրատ Սրբազանը մայիսի 18-ին հանդիպում էր ունեցել քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել այդ օրը կայացած փակ հանդիպումից:
Այսպիսով, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ներկա քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները միակարծիք են եղել, որ ժամանակավոր կառավարության ձևավորման դեպքում վարչապետի թեկնածուն պետք է հենց Բագրատ Սրբազանը լինի ու առաջարկել են կազմել այդ ամենը արձանագրող փաստաթուղթ և բոլորով ստորագրել այն: Այսինքն՝ թղթի վրա արձանագրեն, որ ապագա վարչապետը Բագրատ Գալստանյանն է, ու այդ փաստաթղթում բոլոր ներկաների ստորագրությունները դրվեն:
Բագրատ Սրբազանը չի համաձայնել և որևէ թուղթ չի ստորագրել:
Հանդիպումից հետո Սրբազանը նաև հայտարարել էր, որ մինչ իր թեկնածությունն առաջադրելուն համաձայնություն տալը՝ պետք է Վեհափառի համաձայնությունը ստանա:
Երեկ էլ հայտարարեց, որ արդեն կիրակի՝ մեծ հանրահավաքի օրը, կհայտարարվի վարչապետի թեկնածուի անունը. այնպես որ, հետաքրքիր անակնկալներով լի հանրահավաք է սպասվում»։