25/05/2024 19:18
Ինչպես և ովքեր են փորձում լսող սարք՝ «ժուչոկ» տեղադրել Բագրատ Սրբազանի սենյակում (Տեսանյութ)
Քիչ առաջ միջադեպ է եղել «Ani Grand Hotel Yerevan» հյուրանոցում՝ Բագրատ Սրբազանի համարում։
Ինչպես հայտնում է «Ազգային ճակատ»-ը, գտնվելով սենյակում՝ Սրբազանն ու նրա կողմնակիցները լսել են, թե ինչպես է ներքևի հարկից ինչ-որ մեկը ծակում սենյակի հատակը, որպեսզի անցքից լսող սարք տեղադրի Սրբազանի սենյակում։
«Բագրատ Սրբազանի աջակիցները շտապ տեղեկացրել են այդ մասին հյուրանոցի ղեկավարությանը և իջել ներքևի հարկ, որպեսզի հասկանան, թե ինչ է տեղի ունենում։ Ներքևի համարում գտնվող, ըստ ամենայնի, ԱԱԾ աշխատակիցը երկար ժամանակ չի բացել դուռը։ Սրբազանի աջակիցները հսկողություն են սահմանել այդ սենյակի մոտ, որպեսզի հասկանան, թե ով է փորձում լսող սարք տեղադրել Բագրատ Սրբազանի սենյակում։
Քիչ անց նույն վայր են եկել ոստիկանության և ԱԱԾ բազում աշխատակիցներ, որոնց մեջ էր նաև Կենտրոնի Ոստիկանության պետի պաշտոնակատարը։ Նրանք նշված սենյակից դուրս են բերել տեսանյութում պատկերված կնոջը և արագ հեռացել հյուրանոցից։
ԱԱԾ և իրավապահ համակարգի այս ոչ պրոֆեսիոնալ, կարելի է ասել՝ փնթի աշխատանքն արդեն իսկ բազում խնդիրներ է առաջացրել մեր երկրի համար։
Եվս մեկ անգամ հորդորում ենք իրավապահներին ու ԱԱԾ-ին մնալ իրենց գործառույթների սահմաններում և չդառնալ Նիկոլ Փաշինյանի բութ գործիքը»,- նշել է «Ազգային ճակատ»-ը։