26/05/2024 20:33
Ժամանակին շատ «ժողովրդական» մարդ, արդեն նախկին եք դարձել, հրավիրում եմ Ձեզ ներկայի հետ հանդիպման․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց Նիկոլ Փաշինյանին
Համազգային հանրահավաքի ու երթի մասնակիցները հասան կառավարական առանձնատան մոտ, որտեղից էլ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց Նիկոլ Փաշինյանին․
«Մենք հոգնել ենք այսպես ապրելուց, հետևաբար, հասել ենք այստեղ, ինչպես Հրապարակում ասացի, հրավիրելու երկրի ղեկավարին՝ գալու և հանդիպելու կամ ներս հրավիրելու և հանդիպելու։
Դիմում եմ ուղիղ կերպով․ Նիկո՛լ Փաշինյան, այս վայրկյանից սկսած՝ հանդիպելու բաց և քննարկելու թեմա ունենք միասին, ինչպես հրապարակում եմ ասել։
Դուք Ձեզ ժամանակին շա՜տ ժողովրդական մարդ էիք համարում։ Վստահ եմ, որ այս ժողովրդի ներկայությունը ծանր հիշողություններ է արթնացնում Ձեր մտքի մեջ, բայց Դու՛ք եք հասցրել այս վիճակին։
Այս նույն ժողովուրդը ժամանակին այս նույն խանդավառությամբ Ձեզ է պաշտպանել, Ձեզ է հասցրել այս ճոխ, շքեղ կառավարական ամառանոցները, որոնք Դուք առավել ճոխացրել ու շքեղացրել եք։
Մենք չենք եկել Ձեր ընտանիքի վրա, քավ լիցի, ոչ էլ եկել ենք դուռ, լուսամուտ կոտրելու, որ այսքան ոստիկանական շարքերով պաշտպանվում եք։
Մենք եկել ենք պարզ խոսակցության մեկ թեմայով՝ Ձեր խաղաղ, անցնցում հեռանալու թեմայով։
Օրեր առաջ ասել եմ, նորից կկրկնեմ՝ ձեր խոփը սխալ քարի է դիպել։ Եվ էն, ինչ որ Դուք արել եք այս տարիների ընթացքում՝ մտածելով, որ սպանել եք էս ժողովրդին վերջնականապես, հիմա այս պատկերի ականատեսը եղեք։
Ժամանակին Դուք Ձեզ շա՜տ ժողովրդական մարդ էիք համարում, շատ ազատ էիք, շատ բաց, շատ «սելֆիական»։ Հիմա այլևս չեք, բայց Ձե՛ր ձեռքով ու Ձե՛ր պատճառով։
Ու քանի որ ասացի, որ Դուք էլ եք «ժողովրդական» մարդ, այս ժողովուրդը որոշել է, որ ե՛ս էլ եմ ժողովրդական մարդ, այնպես որ, արդեն նախկին եք դարձել, հրավիրում եմ Ձեզ ներկայի հետ հանդիպման»։