26/05/2024 17:15
Այս վերջին ամիսները եղել են իմ կյանքի և հոգևոր ծառայության ամենաերջանիկ օրերը, երբ տեսել եմ ձեր ժպտացող, լուսավոր դեմքերը, անխարդախ գրկախառնությունները, մաղթանքներն ու օրհնանքները․ Չկա ոչինչ առավել
«Երկխոսության, հաշտության կոչին ի պատասխան՝ իշխանության կողմից ստացանք թշնամություն, մեր քարոզած սիրո փոխարեն՝ ատելություն, ինքնամաքրվելու փոխարեն՝ ցեխարձակում, օրհնության փոխարեն՝ հայհոյանք և զրպարտություն, լուտանք ու հալածանք, ճշմարտության փոխարեն՝ սուտ, սուտ և էլի սուտ»,- հանրահավաքի ժամանակ, ի պատասխան հաշտության օրակարգի, իշխանության ցուցաբերած վարքին անդրադարձավ Բագրատ Սրբազանը։
«Մանավանդ վերջին երկու օրերին և դրանից առաջ էլ տարաբնույթ հալածանքներ եղան՝ մեր արցախցիների, շարժմանը մասնակից զանազան անձանց նկատմամբ, ովքեր արհամարհել են վախը, կալանքն ու նեղությունն ու կանգնել են ճշմարտության համար՝ պայքարի առաջին շարքերում։ Շարունակական սպառնալիքներ, ահաբեկումներ են կիրառել՝ գործիք դարձնելով իրավաապահ ու անվտանգային ծառայություններին, որոնք կոչված են պաշտպանելու սեփական երկիրն ու ժողովրդին, բայց, գերի լինելով, լծված են հակառակ գործին՝ իրենց կամքից անկախ»,- խոսքը շարունակեց Սրբազանը։
Նա ցավով նշեց նաև՝ ՀՀ գործող իշխանության բոլոր թեզերը կրկնվում են ադրբեջանաթուրքական քարոզչամեքենայի կողմից, թշնամու քարոզչամեքենան հաճախ բառ առ բառ կրկնում է այն, ինչ ասում է Հայաստանի այսօրվա իշխանությունը։
«Մեկը մեկին նույնն են՝ կարծես՝ նույն աղբյուրից հրահանգ ստացած։ Այսուհանդերձ, այս վերջին ամիսներն իրենց ողջ ընթացքով եղել են իմ կյանքի և հոգևոր ծառայության ամենաերջանիկ օրերը, երբ տեսել եմ ձեր ժպտացող, լուսավոր դեմքերը, անխարդախ գրկախառնությունները, մաղթանքներն ու օրհնանքները։ Չկա ոչինչ առավել»,- ասաց Սրբազանը։