26/05/2024 22:46
Ազատ գյուղում մեր 15 զինվորները՝ մոխրացած, դուք Իջևանում խրախճանք էիք անում, Եռաբլուրում քաշքշում էիք զոհվածի ծնողին․ Բագրատ Սրբազանն՝ ի պատասխան իրեն ուղղված մեղադրանքների (Տեսանյութ)
Բագրատ Սրբազանն այսօր անդրադարձավ իշխանությունների ու իշխանամերձ շրջանակների կողմից իրեն ուղղված մեղադրանքներին, թե հեղեղումներ են տեղի ունեցել, բնական աղետի հետևանքով ծանր իրավիճակ է, իսկ մայրաքաղաքում՝ հանրահավաք։
Մեղադրանքներին ի պատասխան՝ Սրբազանն իշխանություններին որոշ փաստեր հիշեցրեց․
«Դու՛ք եք եղել այն մարդիկ ու ղեկավարը, որ Ազատ գյուղում մոխրացած 15 տղաների, մեր զինվորների մարմինները դեռ չգտնված, բայց լուրն ստացած՝ Իջևանում խրախճանք էիք անում հուղարկավորությունից 2 օր առաջ՝ իմանալով, որ ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա տառապողներ կան։ Ինձ և մեզ չփորձեք այդպիսի պիղծ մեղադրանքներ ներկայացնել և այդպիսի զրպարտությամբ մեղադրել։
Ձեր համար մեր զոհերը, մեր նահատակները ընդամենը վիճակագրություն են։ Դուք հասկացողություն չունեք անգամ՝ ինչ է նշանակում մարդ, զոհ, ինչ է նշանակում նահատակի ընտանիք, որոնց քաշքշում եք Եռաբլուրում։ Հիմա դուք մեզ ասում եք՝ մենք ի՞նչ ենք անում։ Մենք անում ենք այն, որ այլևս զոհեր չունենանք»,- շեշտեց Բագրատ Սրբազանը։
Նշենք, որ այսօրվա ընթացքում Բագրատ Սրբազանը պարբերաբար հիշատակում էր հեղեղումների հետևանքով տիրող իրավիճակի մասին, հանրահավաքի ու երթի ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց զոհերի հիշատակին, աղոթք բարձրացվեց առ Աստված՝ նրանց հոգիների հանգստության համար։