27/05/2024 19:55
Աորտայի կոարկտացիան նորածինների մոտ․ Անհրաժեշտ հետազոտություններ
Աորտայի կոարկտացիան սրտային հիվանդություն է, որը գլխավորապես հանդիպում է նորածին երեխաների մոտ:
Աորտայի կոարկտացիան աորտայի՝ «մայր» զարկերակի բնածին նեղացումն է: Աորտան ամենախոշոր արյունատար անոթն է, որն արյունը սրտի ձախ կեսից տեղափոխում է դեպի մյուս բոլոր օրգան-համակարգեր:
Աորտայի նեղացումը կարող է լինել սահմանափակ կամ ավելի հազվադեպ՝ տարածուն: Սովորաբար նեղանում է աորտայի զարկերակային ծորանի բացման շրջանը:
Այս արատի ժամանակ մինչև աորտայի նեղացման տեղամասն արյան ճնշումը լինում է բարձրացած (քանի որ արյան հոսքը հանդիպում է անսովոր խոչընդոտի), իսկ նեղացումից հետո՝ նորմայից ցածր, որը բերում է արյունամատակարարման կտրուկ շեղման:
Նորածինների մոտ աորտայի կոարկտացիայի ռիսկն աճում է, եթե նրանք՝
ունեն սրտային արատների ընտանեկան պատմություն,
ունեն սրտային այլ հիվանդություններ,
ունեն Տերների համախտանիշ՝ գենետիկական հիվանդություն, որը հանդիպում է միայն աղջիկների և կանանց շրջանում:
Խիստ հազվադեպ զարկերակների լուրջ ախտահարումը կամ հաստացումը կարող է բերել աորտայի կոարկտացիայի կյանքի ավելի ուշ փուլերում:
Աորտայի բնածին նեղացումը կարող է հանգեցնել նրան, որ՝
նեղացած տեղամասով արյունն արտամղելու համար պահանջվի սրտի ավելի ծանրաբեռնված աշխատանք,
դեպի գլուխ, ձեռքեր և մարմնի վերին շրջաններ արյան հոսքն ուժեղանա,
դեպի ոտքեր և մարմնի ստորին շրջաններ արյան հոսքը թուլանա:
Վերոնշյալ գործոնները կարող են նորածնի մոտ հանգեցնել բարձր արյան ճնշման և սրտային անբավարարության:
Աորտայի կոարկտացիայով նորածինների մոտ նաև կարող են գրանցվել՝
մաշկի գունատություն, կապտավուն երանգ կամ բծեր,
թուլություն և գերգրգռվածություն,
առատ քրտնարտադրություն,
շնչառության հաճախացում,
սնվելու դժկամություն,
աճի հապաղում:
Արոտայի չափավոր նեղացմամբ երեխաների մոտ կարող են դիտարկվել ավելի սակավաթիվ ախտանիշներ, և հիվանդությունը կարող է պատահաբար հայտնաբերվել դեռահաս տարիքում արտասովոր բարձր զարկերակային ճնշում գրանցելիս:
Այլ գանգատներից ու նշաններից են՝
սրտի աղմուկ,
գլխացավեր,
կրծոսկրային կամ կրծքավանդակային ցավեր,
ոտքերում մկանային թուլություն կամ ցավեր,
քթային արյունահոսություններ,
գլխապտույտ կամ ուշաթափություններ,
շնչառության հաճախացում,
ոտնաթաթերի սառնություն (ազդրային զարկերակի վրա պուլսի ցածր լեցունություն կամ բացակայություն),
ոտքերում կծկանքներ կամ ջղաձգումներ:
Աորտայի կորակտացիայի սուր ախտանիշները կտրուկ վատթարացնում են նորածնի առողջական վիճակը, ուստի նման դեպքերում պետք է բժշկի դիմել հնարավորինս շուտ:
Բժշկի համար աորտայի կորակտացիայի հայտնաբերման ամենապարզ «հուշող» նշանը ստորին և վերին վերջույթներում անոթազարկերի և արյան ճնշումների տարբերություն գրանցելն է:
Նման դեպքերում ախտորոշումը կարիք ունի հաստատման հետևյալ հետազոտություններով՝
էլեկտրասրտագրություն (ԷՍԳ), որը չափում է սրտի էլեկտրական ակտիվությունը,
էխոսրտագրություն, որը գերձայնային ալիքների միջոցով արտածում է սրտի կառուցվածքը և սրտի կծկման պատկերը,
մագիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), որը մանրամասն կերպով պատկերում է սիրտը, աորտան և մյուս անոթները,
կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն:
Աորտայի կոարկտացիան սովորաբար հայտնաբերվում է ծնվելուց հետո մի քանի շաբաթվա ընթացքում, և երեխաների մեծ մասի մոտ հիվանդությունն ախտորոշվում է մինչև մեկ տարեկանը լրանալը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն