27/05/2024 12:23
Ընդհանուր առմամբ 17 կամուրջ է փլվել․ Գնել Սանոսյան (Տեսանյութ)
Վաղ առավոտից սկսել ենք աշխատել, մի շարք խնդիրներ, որոնք երեկ տեսանելի չէին ջրի բարձր մակարդակի հետևանքով, այսօր տեսանելի են դարձել, ինչը հնարովորույթուն է տալիս սկսել այլ ուղղությամբ աշխատանքները, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Գիշերը կարողացանք համապատասխան տեխնիկան հասցնել Ախթալայի ուղղությամբ, որտեղ մի շարք բնակավայրեր կտրված են 2 կամուրջների փլուզման հետևանքով։ Հիմա իրականացվում են աշխատանքներ՝ Շնողից դեպի Ախթալա հատվածում»,-ասաց Սանոսյանը։
Նա նշեց, որ վարչապետին զեկուցել են կատարված աշխատանքների մասին։
Սանոսյանն ասաց, որ գետի մակարդակն իջել է, փրկարար ծառայության աշխատակիցները կարողանում են բակերի ջուրը պոմպերով մղել դեպի գետ։
Ինչ վերաբերում է կամուրջներին, նախարարն ասաց, որ ընդհանուր առմամբ 17 կամուրջ կա փլված:
«Դրանց մի մասը համայնքային նշանակության փոքր կամուրջներ են, բայց առնվազն 5-6 կամուրջ ունենք, որոնք բավականին խոշոր են, և մեզանից մեծ ջանք ու ժամանակ կպահանջվի դրանց վերականգնման համար: Այդ կամուրջների փլվելը ստեղծել է լուրջ կապի խնդիր մեր մի շարք բնակավայրերի հետ: Եթե փոքր համայնքների պարագայում լուծումներ գտնվել են, և այդ համայնքներում կապի խնդիր չկա, այս պարագայում այս կամուրջների փլվելն այդ խնդիրը ստեղծել է»,- ասաց նախարարը: