27/05/2024 10:23
Մեր հայրենակիցների մի մասը, ըստ էության, ասում է՝ մենք կարող ենք խաղաղ ապրել ադրբեջանցիների հետ կամ կողքին, եթե բոլորով ապրենք ՌԴ հովանու ներքո. Մարիա Կարապետյան
ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվա հանրահավաքի մասնակից մի մարդ, ով Լեռնային Ղարաբաղում է թողել իր որդու, եղբոր և ծնողների գերեզմանները, ասում է․
«Ակնկալիքս այն է, որ ամեն ինչ լավ լինի, ոչ մի մարդ ինձ նման հարազատների գերեզմանները չթողնի։ Ես ոչ մի բան չեմ կարող պահանջել, իմ պահանջով ոչ մի բան չի կարող ստացվել, պարզապես կցանկանամ, որ Արցախի հարցը չփակվի, որևէ անվտանգություն ապահովվի, ոնց որ եղել է ԽՍՀՄ ժամանակ, մարդիկ վերադառնան իրենց տները»։
Լրագրողի հարցին, թե հո՞ւյս ունեք, որ այս ընդդիմությունը կարող է Արցախը հետ բերել, պատասխանում է․ «Ես հույս ունեմ, որ Ռուսաստանը, որին շատ մարդ ասում է՝ լավ է, վատ է․․․ այն մարդը, ով Ռուսաստանի հետ իսկական ընկերություն է անում, Ռուսաստանը այդ մարդուն երբեք մենակ չի թողնում»։
Ահա այս մարդու անկեղծ դատողություններում է արտացոլված վերջին տարիների բանավեճը․ մեր քաղաքացիների, մեր հայրենակիցների մի մասը, ըստ էության, ասում է․ մեր ազգի մի մասը չի կարող խաղաղություն ստանալ Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի հովանու ներքո, մեր ամբողջ ազգը նույնիսկ չի կարող խաղաղություն ստանալ նաև Հայաստանում՝ Ադրբեջանի հետ հարևանությամբ, բայց մենք կարող ենք խաղաղ ապրել ադրբեջանցիների հետ կամ կողքին, եթե բոլորով ապրենք Ռուսաստանի հովանու ներքո։ Այս ամենը իհարկե կապված է «ես ոչ մի բան չեմ կարող պահանջել, իմ պահանջով ոչ մի բան չի կարող ստացվել» մտածողության հետ։
Թող սփոփանք ծնվի կորուստ ապրած մարդկանց սրտերում, նոր տուն ու նոր կյանք ստեղծվի տուն և կյանք կորցրած մարդկանց համար»։