27/05/2024 23:21
Բա մյուսների հա՞րցը․ Հանցանք կատարող բոլո՛ր ոստիկանների արարքներին պետք է տրվի քրեաիրավական գնահատական, ոչ թե թեման փակելու համար ընդամենը մեկ ոստիկան ազատվի աշխատանքից․ Արման Թաթոյան
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյաանը գրել է․
Ու՞...
Այս ոստիկանները պետք է ենթարկվեն քրեական պատժի, այլ ոչ թե «թեման փակելու» համար ընդամենը մեկ ոստիկան ազատվի աշխատանքից: Դեռ մի հատ էլ անուն չեն նշել, որ ավելորդ խնդիր չունենան, թե կոնկրետ ով հարվածեց, ինչ հայհոյեց, բա մյուսների հա՞րցը և այլն:
Մարդու նկատմամբ հանցանք կատարող բոլոր ոստիկանների արարքներին պետք է տրվի քրեաիրավական գնահատական, հարուցվի քրեական հետապնդում ու ապահովվեն մեղադրական դատական ակտի հիմքեր:
Ակնհայտ է, որ քաղաքական որոշում է կայացվել մեկ ոստիկանի «զոհ տալով»` խուսափել քրեական հետապնդումից ու մյուսների քրեական պատասխանատվությունից: Դրա համար էլ կայծակնային արագությամբ որոշում է կայացվել. ուրիշ դեպքերում ամիսներ է տևում:
Սա կոնկրետ հանցագործության քաղաքական հովանավորություն է, որն ավելի սանձարձակ է դարձնում «կարմիրբերետավորներին», «դամոկլյան սրի» ուժով նրանց կախված պահում քաղաքական իշխանությունից. այս կերպ է նաև ոստիկանը սկսում ծառայել ոչ թե պետությանը, այլ քաղաքական իշխանությանը:
Այսօրվա դեպքի հետ կապված մանրամասները մենք ուղարկելու ենք միջազգային գործընկերների` հարցը դնելով նրանց մշտադիտարկման ներքո»: