27/05/2024 21:21
«Երանի արժանի լինենք նրանց»․ Բագրատ Սրբազանը իր խոնարհումը բերեց հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած հերոսներին
Սարդարապատի հուշահամալիրում իր խոնարհումը բերելով հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրած հերոսներին՝ Բագրատ Սրբազանը նշեց․ «Երանի արժանի լինենք նրանց»։
«Երանի արժանի լինենք իրենց՝ թե՛ մեր նախնիներին, թե՛ մեր օրերի հերոսներին։ Նրանց, ովքեր իրենց կյանքի ընծայումով կերտել են մեր կյանքը»,- ասաց Սրբազանը, ապա ներկաներին պատմեց՝ հերոսների հիշտակին նվիրված միջոցառումներից մեկի ժամանակ մի փոքրիկ տղա՝ Յուրա անունով, արցունքներից միջից ասել է․ «Ես ուզում եմ, որ մեր տղերքն իմանան, որ մենք իրենց հետ նույնն ենք»։ Տղայի այդ բառերի խորհուրդը, ինչպես նշեց Սրբազանը, իր հետ է միշտ։
«Դա իմ մեջ մնացել է՝ այդ նույնության պատմությունն ունենալը։ Այստեղ էլ, որ մենք գալիս ենք, այդ նույնության պատմության մեջ ենք, և ով որ չի պատկերացնում, որ իր համար է նաև տեղի ունեցածը (մեր հերոսմարտերը-խմբ․), նա ո՛չ մեր ինքնության, ոչ՛ պատմության, ոչ էլ գոյության հետ որևէ աղերս չունի»,- ասաց Սրբազանը։